Թուրքիան դարձել է ամենամեծ ահաբեկչական գործակալությունն աշխարհում, իսկ Ադրբեջանն՝ այն հյուրընկալող երկիրը. Տիգրան Ձիթողցյան
Հանրահայտ նյույորքաբնակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, որն այս օրերին Հայաստանում է, ևս մեկ անգամ իր հետևորդների և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է հայերի դեմ թուրք-ադրբեջանական, ինչպես նաև ահաբեկչական ուժերի գործողություններին:
Արցախում ավելի ու ավելի շատ սիրիացիներ են գերեվարվում, որոնք նոր մանրամասներ են բացահայտում: Նրանք թուրքական զինուժի կողմից Սիրիայից տեղափոխվել են՝ հայերին սպանելու համար: Նրանց հրամայել են սպանել զինվորներին, կանանց, երեխաներին… Նրանք 2000 դոլար ամսավճար են ստանում և 100 դոլար հավելավճար յուրաքանչյուր գլխատված հայի համար»,- գրել է արվեստագետը:
Նրա խոսքով՝ այդպիսին են Էրդողանն ու Ալիևը: «Մարդկային կյանքերից բացի մշտական հրթիռակոծությունները և ռմբակոծությունները ավերել են մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը, և այժմ նրանք սպիտակ ֆոսֆոր պարունակող ռումբեր են կիրառում, որոնք այրում են անտառներն Արցախի բոլոր շրջաններում: Թուրքիան դարձել է ամենամեծ ահաբեկչական գործակալությունն աշխարհում, իսկ Ադրբեջանն՝ այն հյուրընկալող երկիրը»,- հավելել է նկարիչը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 142 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։