«ԱՄՆ-ն Ավստրիային, Ֆրանսիային և ամբողջ Եվրոպային աջակցում է ահաբեկիչների դեմ պայքարում»․ Թրամփ
ԱՄՆ-ն Ավստրիային, Ֆրանսիային և ամբողջ Եվրոպային աջակցում է ահաբեկիչների դեմ պայքարում, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք աղոթում ենք Վիեննայի բնակիչների հետ՝ Եվրոպայում հերթական զազրելի ահաբեկչական գործողությունից հետո։ Անմեղ մարդկանց վրա այս աղետալի հարձակումները պետք է դադարեցնել։ ԱՄՆ-ն Ավստրիային, Ֆրանսիային և ամբողջ Եվրոպային աջակցում է ահաբեկիչների, այդ թվում՝ արմատական իսլամական ահաբեկիչների դեմ պայքարում»,- Twitter-ում գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը նույնպես դատապարտել է Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչությունը։
«ԱՄՆ-ն աղոթում է Վիեննայի բնակիչների համար։ Նման ատելությունն ու բռնությունը արդարացում չունեն։ Մենք Ավստրիային, Ֆրանսիային և ամբողջ Եվրոպային աջակցում ենք ահաբեկչության դեմ պայքարում»,-ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի թվիթերյան էջը մեջբերել է Օ'Բրայենի խոսքերը։
Հիշեցնենք, որ նախօրեին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նվազագույնը 15 մարդ տուժել է, ևս երկուսը մահացել են։
Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող, քաղաքի գլխավոր սինագոգի մոտ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչություն: Ի սկզբանի համարվում էր, որ հարձակվողների թիրախը սինագոգն է, սակայն դեռևս այս հաղորդումները հաստատված չեն:
Առկա տեղեկություններով՝ հարձակվողները մի քանիսն են եղել, նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են երկարափող զենք: Հանցագործների հայտնաբերման գործողությունը շարունակվում է, դրանում ներգրավված են քաղաքի ոստիկանության մեծ մասը և զինվորականներ:
Հաղորդվում է, որ կրակոցներն ընթացել են Վիեննայի 6 կետերում: Ավստրիայի ՆԳՆ-ից նաև հաղորդել են, որ ընդլայնել են ահաբեկիչների հայտնաբերման համար հատկացված գոտին, քանի որ չեն բացառում, որ նրանք կարող էին լքել Վիեննան: