Անհայտ անձը 1 միլիոն ֆունտ խաղադրույք է կատարել Ջո Բայդենի հաղթանակի համար
ԱՄՆ-ում այս տարվա ընտրությունները կդառնան բոլոր ժամանակներում բուքմեյքերական ընկերությունների ամենամեծ իրադարձությունը՝ մի խաղացող ռեկորդային 1 միլիոն ֆունտ սթերլինգ խաղադրույք է կատարել դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի համար, գրում է Reuters-ը:
Մարդիկ դեռեւս խաղադրույքներ են կատարում ընտրություններին ընդառաջ։ Ladbrokes Coral Group-ի քաղաքական խաղադրույքների բաժնի ղեկավար Մեթյու Շադիկը նշել է, որ աշխարհում մոտ 1 միլիարդ ֆունտ սթեռլինգ գումարի խաղադրույքներ են սպասվում:
Նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրվելու հնարավորությունը հանգստյան օրերին փոքր-ինչ մեծացել է, բայց Բայդենը շարունակում է բացահայտ ֆավորիտ մնալ առցանց խաղադրույքների շուկաներում:
Բրիտանական Smarkets բորսայում խաղադրույքները Բայդենի հաղթելու հնարավորությունը 65% են գնահատում, մինչդեռ Թրամփի հեռանկարները 34%-ից բարելավվել են մինչեւ 35%:
Betfair-ի տվյալներով՝ մի մարդ Բայդենի վրա 1 միլիոն ֆունտ սթեռլինգ (1,3 միլիոն դոլար) խաղադրույք է կատարել, ինչը բոլոր ժամանակների ամենամեծ քաղաքական խաղադրույքն է դարձել: Եթե Բայդենը հաղթի, խաղացողը 1,54 միլիոն ֆունտ սթեռլինգ կստանա:
Նախկին փոխնախագահը համազգային կարծիքի հարցումներում էական առավելություն ունի, չնայած նահանգներում պայքարի մրցակցությունը, ինչը, հավանաբար, որոշելու է մրցավազքի ելքը, որոշ չափով ավելի թեժ է:
Այս պահին խաղադրույքների գումարը կազմում է 271 մլն ֆունտ սթեռլինգ:
Խաղադրույքների մեծ մասը կատարվում է ԱՄՆ-ից դուրս, քանի որ քաղաքական խաղադրույքները ԱՄՆ-ում անօրինական են: