«Ռոսպոտրեբնադզոր». Ռուսաստան ներկրված կորոնավիրուսի բոլոր դեպքերի 90 տոկոսը Թուրքիայից է
Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը, ում մոտ արտերկրից վերադառնալուց հետո COVID-19 էր ախտորոշվել, ժամանել է Թուրքիայից: Այս մասին կառավարությանն առընթեր համակարգող խորհրդի նախագահության նիստին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, փոխանցում է ՌԲԿ-ն:
«Այստեղ հավանաբար անհրաժեշտ է որոշակի միջոցառումներ առաջարկել, քանի որ հիմնական ներմուծումը` արտերկրից ներմուծված դեպքերի 90 տոկոսը, Թուրքիայի Հանրապետությունից է»,- ասել է Պոպովան:
Նախօրեին` նոյեմբերի 1-ին, Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը հայտնել էր, որ այդ երկրի հետ օդային հաղորդակցության բացումից ի վեր այնտեղ 326 ռուս զբոսաշրջիկ է վարակվել COVID-19-ով: Ընդ որում, զոհվել է 11 մարդ:
Ըստ Պոպովայի` Թուրքիայի հետ չվերթների վերսկսումից ի վեր Ռուսաստան է վերադարձել այս երկիր այցելած գրեթե 1.5 միլիոն մարդ: Եւ հենց նրանց է բաժին ընկնում զբոսաշրջիկների ընդհանուր թվի 90 տոկոսը, ում մոտ վերադարձից հետո կորոնավիրուս էր ախտորոշվել` 10 հազար մարդ:
Նոյեմբերի 1-ի դրությամբ Թուրքիայում COVID-19-ով շուրջ 377.5 հազար մարդ է վարակվել, որից 10 326-ը մահացել է: