Իսպանիայում կարանտինային միջոցառումների դեմ ակցիաները վերաճել են անկարգությունների
Կիրակի երեկոյան Լեոն քաղաքում (Կաստիլիա ի Լեոն ինքնավար համայնք) եւ Լոգրոնյոյում (Ռիոխա ինքնավար համայնքի մայրաքաղաք) համավարակի զսպման միջոցառումների դեմ բողոքի ակցիաները կրկին վերաճել են անկարգությունների, հայտնում է EFE-ն։
Ռիոխայում Իսպանիայի կառավարության ներկայացուցչությունը Twitter-ում հստակեցրել էր, որ «ոստիկանությունն այս գիշեր Լոգրոնյոյում անկարգություններից հետո ձերբակալել է եւս 4 մարդու»։ Մասնավորապես՝ ցույցի մասնակիցներն այրել են աղբամանները։ Լեոնում ակցիան կազմակերպվել էր համացանցի միջոցով։ Ցույցի որոշ մասնակիցներ վնաս են պատճառել ավտոմեքենաներին, «Ազատություն» բղավոցների տակ գետնին են գցել բռնկվող նյութեր, շրջել են աղբամանները։ Առայժմ տեղեկություններ չկան ձերբակալվածների վերաբերյալ։
Իսպանիայի տարբեր քաղաքներում ուրբաթից ցույցեր են անցկացվել սահմանափակող միջոցառումների դեմ, որոնք վերաճել են ոստիկանների հետ բախումների։ Ցույցերը սովորաբար խաղաղ են սկսվել, այնուհետեւ երիտասարդների խմբերը անկարգություն են հրահրել՝ այրել են աղբամանները, բարիկադներ են կառուցել, ոստիկանների վրա տարբեր իրեր նետել, կոտրել խանութների ցուցափեղկերը։ Այսպիսի ակցիաներ են ընթացել Մադրիդում, Բարսելոնայում, Վալենսիայում, Բիլբաոյում եւ երկրի այլ խոշոր բնակավայրերում։ Տասնյակ մարդիկ են ձերբակալվել։
Իսպանիայում կորոնավիրուսի տարածման սկզբից հայտնաբերվել է ավելի քան 1,1 մլն վարակված, մահացել է 35,8 հազար պացիենտից ավելին։ Ներկայումս իսպանական ինքնավար համայնքների մեծ մասը ի լրացումն արդեն ընդունված համավարակի դեմ պայքարի միջոցառումների՝ մտցրել են իրենց տարածքների մուտքի եւ ելքի սահմանափակումներ։
Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի 25-ին երկրում կրկին մտցրել էր բարձր պատրաստության ռեժիմ, որի գործողությունը երկարաձգված է մինչեւ մյուս տարվա մայիս։ Ըստ իշխանությունների որոշման՝ մինչեւ նոյեմբերի 9-ը թագավորությունում մտցվել է պատադիր պարետային ժամ։ Դրանից հետո գիշերային ժամերին հատուկ միջոցառումների ընդունումը պետք լինի տարածքային իշխանությունների իրավասության տակ։ Նրանց նաեւ թույլ է տրվել որոշումներ ընդունել իրենց տարածքների մուտքի եւ ելքի սահմանափակումների վերաբերյալ։