«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ցուցադրությամբ տրվեց «Նվիրում Արցախին» նախագծի մեկնարկը
«Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագծի մեկնարկը տրվեց նոյեմբերի 1-ին Կաննի կինոփառատոնում ընդգրկված եւ Արցախին նվիրված Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով։ Այս տարի փառատոնն այս նախագծով միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին՝ տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղելով այդ արշավին, հայտնում է փառատոնի մամուլի գրասենյակը։
Ֆիլմի ցուցադրությունից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված հերոսների հիշատակը։ Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համակարգող տնօրեն Արայիկ Մանուկյանն իր խոսքում ընդգծեց՝ փառատոնը պետք է մեկնարկեր այս տարվա հուլիսին, սակայն համավարակը փոխեց մեր կյանքի ժամանակը։ Կազմակերպիչները որոշեցին փառատոնն անցկացնել նոյեմբերին՝ մտածելով, որ աշնանն առավել բարենպաստ իրավիճակ կլինի, սակայն, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ։
«Մենք որոշեցինք իրականություն դարձնել «Նվիրում Արցախին» նախագիծը։ Ֆիլմը, որն այսօր ներկայացրինք, պետք է ցուցադրվեր Արցախում։ Ավելին՝ «Ոսկե ծիրան»-ն այս տարի պետք է արցախյան բացում ունենար։ Մենք այս օրերին մեր ֆիլմերի տոմսերի վաճառքից գոյացած հասույթը փոխանցելու ենք հիմնադրամին։ Ցանկացած փոխանցած դրամ ծառայելու է իր նպատակին, և մենք հաղթելու ենք ու բազում այլ ֆիլմերի պրեմիերաներ ունենալու ենք Արցախում»,- նշեց Արայիկ Մանուկյանը։