Թուրքիան Արևմուտքի հետ մղում է իր անավարտ պատերազմը․ The Jerusalem Post
Թուրք ազգի արշավն ընդդեմ արևմտյան տերությունների, «որոնց պատճառով Օսմանյան կայսրությունը փլուզվել է», հեքիաթ է, որը խորապես արմատավորված է Թուրքիայի քաղաքական մշակույթում։ Թուրքիայի ամբողջ ժամանակակից պատմության ընթացքում միշտ եղել են ձայներ, որոնք դժգոհություն են հայտնել հարյուրամյա վաղեմության իրադարձությունների՝ Սևրի և Լոզանի պայմանագրի կապակցությամբ, գրում է The Jerusalem Post-ը։
Հոդվածագիր Սիմոն Շոֆիլդը նշում է, որ նման դատողություններ են հնչեցրել հենց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը 2017 թվականի դեկտեմբերին Աթենք կատարած իր այցի ժամանակ պահանջել է վերանայել Լոզանի պայմանագիրը։
«Աթաթուրքի ուժեղ թուրքական ազգայնականությանն ավելացնելով ռեվանշիստական նեոօսմանական հավակնություններ ու արմատական իսլամիստական օրակարգ՝ Էրդողանը նոր քաղաքական հավատամք է ստեղծել»,- գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ Էրդողանն առաջնորդվում է նախկին Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող տարածքները թուրքական կառավարման տակ վերադարձնելու ձգտմամբ։
«Էրդողանը նաև ձգտում է իր կառավարությունն օգտագործել որպես թյուրքական ժողովուրդների խնամակալ, ինչն առավել ցայտուն դրսևորվեց Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանում վերջին սրման ժամանակ, երբ նա Ադրբեջանին աջակցություն տրամադրեց»,- գրում է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ Բաքվի անունից Թուրքիայի միջամտությունը չի կարող աննկատ մնալ, քանի որ Էրդողանը ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջան։
Հեղինակի խոսքով՝ «Սևրի և Լոզանի իրադարձությունների արձագանքները շարունակում են հնչել Անկարայի իշխանության միջանցքներում: Կարծելով, որ Օսմանյան կայսրության անկումը պայմանավորված էր Միջերկրական ծովի արևելյան հատվածում ռազմածովային գերազանցությունը պահպանելու անկարողությամբ՝ Էրդողանի ռազմական ղեկավարությունը 2006 թվականին հորինել է «Կապույտ հայրենիք» հայեցակարգը, որն ինքնիշխանության է հավակնում Էգեյան և Միջերկրական ծովերի տիրույթներում»:
«Անկարայում պատրաստում և հրամցնում են թունավոր քաղաքական կոկտեյլ։ Դրա բաղադրիչները ներառում են քաղաքական իսլամիզմ, թուրքական էթնոազգայնականություն, Օսմանյան տարածքների վերականգնման իրրեդենտիստական երազանքներ և Թուրքիայի դեմ արևմտյան դավադրությունների հանդեպ հավատ»,-գրում է հոդվածագիրը։