«Ձեր կողքին եմ այս դժվարին պահերին». New England Patriots բոստոնյան ակումբի գլխավոր մարզիչն աջակցություն է հայտնել հայ ժողովրդին (տեսանյութ)
Ամերիկյան ֆուտբոլի New England Patriots բոստոնյան ակումբի գլխավոր մարզիչ Բիլ Բելիչիկն աջակցություն է հայտնել Հայաստանին և աշխարհասփյուռ հայությանը: Նրա մասնակցությամբ տեսանյութը հրապարակել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:
«Ուզում եմ իմանաք, որ ձեր կողքին եմ այս դժվարին պահերին: Ես ծանոթ եմ Հայաստանի պատմությանը: Անկախ նրանց հետ պատահած դժբախտությունից՝ հայերը շարունակում են բարգավաճել: Աղոթում եմ հանուն խաղաղության, արդարության և խիզախ զինվորների անվտանգության համար, որոնք պայքարում են հանուն իրենց երկրի ճանաչման և ազատության»,- ասել է Բելիչիկն իր տեսաուղերձում:
Մարզիչի հրապարակած տեսանյութում նշվում է նաև, որ «մեկ ամիս շարունակ հայերն Արցախի Հանրապետությունում հրթիռների և անօդաչուների կատաղի հարձակման են ենթարկվել Ադրբեջանի կողմից»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։