Իվանկա Թրամփը գերազանցել է Օբամայի ռեկորդը՝ հավաքելով ավելի քան 35 մլն դոլար իր հոր նախընտրական արշավի շրջանակում
ԱՄՆ նախագահի դուստր եւ Սպիտակ տան ավագ խորհրդական Իվանկա Թրամփը հավաքել է տասնյակ միլիոնավոր դոլարներ իր հոր՝ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի շրջանակում՝ անգամ գերազանցելով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ռեկորդը, որը գրանցվել էր Տեխասում սեպտեմբերին, հաղորդում է Fox News-ը:
The Hill-ի հաղորդմամբ՝ անցած շաբաթ 39-ամյա Իվանկա Թրամփը հավաքել է 13 մլն դոլար Կալիֆոռնիայում եւ Դետրոյթում:
Օգոստոսից ԱՄՆ նախագահի ավագ դուստրն այցելել է ավելի քան 30 միջոցառում, որոնցից առնվազն 11-ը վերջին շաբաթում՝ հավաքելով ավելի քան 35 մլն դոլար, գրում է Washington Examiner-ը:
The Hill-ը նշում է, որ նախագահական արշավի ընթացքում Իվանկա Թրամփն առանձնահատուկ կերպով դիմել է քաղաքամերձ շրջաններում բնակվող կանանց, որոնց մի մասը, ըստ հաղորդագրությունների, մեղմել է իրենց վերաբերմունքը Թրամփի նկատմամբ:
«Որպես աշխատող մայր, որը նվիրել է իր կարիերան կանանց կյանքի բարելավմանը, Իվանկան լավ է հասկանում խնդիրները, որոնց հետ այսօր բախվում են ամերիկյան ընտանիքները»,-Politico-ին հայտարարել է ԱՄՆ նախագահի նախընտրական արշավի ավագ խորհրդական Մերսեդես Շլափը: