ԱՄՆ տնտեսական պատժամիջոցները կարող են նվազեցնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. The National Interest
Միացյալ Նահանգները հնարավորություն ունի նպաստելու ԼՂ հակամարտության ապաէսկալացիային, սակայն Ադրբեջանն ու Թուրքիան փորձարկում են ազդեցիկ քարոզարշավների արդյունավետությունը՝ համոզելու ԱՄՆ-ին ուշադրություն չդարձնել քաղաքացիների զանգվածային տեղահանությանն ու հավանական կոտորածին: Այս մասին գրում է The National Interest-ը՝ ծավալուն հոդվածով անդրադառնալով ԱՄՆ-ի ղեկավարության ազդեցիկ լծակներին և ներգրավվածության անհրաժեշտությանը արցախյան պատերազմին վերջ տալու հարցում:
Հոդվածի հեղինակը նշում է, որ երբեմնի կենսուրախ և ժամանակակից Ստեփանակերտի փողոցներն այժմ ամայացել են, իսկ քաղաքացիները հարմարվում են նոր իրականությանը՝ ստորգետնյա կյանքին: «Քաղաքացիական կառույցները թիրախավորված հարձակումների են ենթարկվում. Ադրբեջանը կասետային ռումբեր է կիրառում և թիրախավորում է բնակելի թաղամասերը, անգամ եկեղեցիները՝ առավելագույնի հասցնելով ավերածությունները՝ փորձելով դուրս մղել հայ բնակիչներին: Առանց ԱՄՆ-ի զգալի ներգրավվածության՝ հակամարտությունը կարող է հետագայում վերածվել մարդասիրական ճգնաժամի»,- գրում է հեղինակը:
Վերջինս նշում է, որ ամերիկացի օրենսդիրները փորձում են երկկուսակցական բանաձև ընդունել՝ դատապարտելով բռնությունը, սակայն Թրամփի վարչակազմի քաղաքականությունը զգալիորեն առավել զուսպ է, որի պատճառը «հավանաբար, Ադրբեջանական շահերի ուժեղ լոբբինգն ու ապատեղեկատվությունն է»:
«Եթե Վաշինգտոնն առավել մեծ դերակատարություն չունենա խաղաղ բանակցային գործընթացում, ամերիկյան արտաքին քաղաքականությունը կապալեգիտիմացվի և աշխարհի ավտորիտար կառավարություններին ցույց կտա, որ բազմամիլիարդավոր դոլարների ազդեցությունն ու ապատեղեկատվության արշավներն արդյունավետ միջոց են քաղաքացիների տեղահանությունների և հավանական կոտորածների նկատմամբ անտարբերություն գնելու հարցում»,- նկատում է հոդվածագիրը:
«Այս զարգացումները պետք է հատուկ մտահոգության առիթ տան ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին: Ադրբեջանի կառավարությունը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշանակալի քայլերով վերահսկողություն են հաստատել իրենց ազգային պատմություններն առաջ տանելու և ազգային շահերն առաջնահերթ դարձնելու գործում: Այս ամենը Թուրքիան տարածաշրջանային և համաշխարհային գերտերություն դարձնելու ծրագրի մի մասն է կազմում»,- նշում է հեղինակը:
Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները եզակի հնարավորություն ունի լարվածությունը թուլացնելու համար: «Հաշվի առնելով, որ թուրքական զենքն ու ազդեցությունը բռնություն են տարածքում, Վաշինգտոնը կարող է կասեցնել օգնությունը, զենքի վաճառքը և պատժամիջոցներ կիրառել: ԱՄՆ-ի ամենահզոր գործիքը ամերիկյան դոլարի գլոբալ հասանելիությունն է: Այն ապահովում է համաշխարհային արտարժույթի պաշարների ավելի քան 60 տոկոսը: Առևտրային շուկաները մեծապես կախված են դոլարային գործարքներից: ԱՄՆ-ն կարող է ֆինանսական պատժամիջոցներ կիրառել, ինչպես Թրամփն ինքն էր ակնարկել 2019 թվականին՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ»,- եզրափակում է հոդվածի հեղինակը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է ավելի քան 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120-ից ավելի քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։