Նյու Յորքում որոշ ընտրողներ փորձել են ընտրություններում երկու անգամ քվեարկել՝ սափրելով գլուխները
Նյու Յորքի որոշ ընտրողներ փորձել են երկու անգամ քվեարկել ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ դիմելով իրենց արտաքին տեսքը փոխելու աներեւակայելի եղանակի՝ սափրելով գլուխները: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է NBC հեռուստաալիքը:
ԱՄՆ-ի ոչ բոլոր նահանգներում են քվեարկելիս ընտրողներից անձը հաստատող փաստաթղթեր պահանջվում: Ընտրատեղամասերի աշխատակիցներից ոմանք սահմանափակվում են քվեարկության ընթացքում ստորագրությունների ստուգմամբ:
Ոստիկանությունն ու ընտրատեղամասերի աշխատակիցները ենթադրում են, որ Նյու Յորքի մի խումբ ընտրողներ փորձել են կրկնակի լրացնել քվեաթերթիկը՝ սափրած գլխով վերադառնալով ընտրատեղամաս, հայտնում է NBC-ն: Նյու Յորքի ընտրական հանձնաժողովը հաստատել է կասկածելի գործունեությունը վաղ քվեարկության տեղամասերից մեկում: Ներկայումս ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:
Նախկինում նման դեպքի մասին հայտնել էր New York Post-ը: Հրապարակման համաձայն, Բրոնքսի եկեղեցիներից մեկում տեղակայված ընտրատեղամասի աշխատակիցը ճանաչել է նրանց, ովքեր փորձել են կրկին քվեարկել, եւ կանխել է խախտումը: Մազերը սափրած քաղաքացիները փորձել են փախչել, բայց ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը հետապնդել է նրանց, գրել մեքենայի համարները եւ դեպքի մասին հայտնել ոստիկանությանը, հայտնում է թերթը:
ԱՄՆ-ում, ըստ Ֆլորիդայի պետական համալսարանի պրոֆեսոր Մայքլ Մաքդոնալդի ստեղծած ընտրությունների նախագծի, ավելի քան 89,5 միլիոն մարդ արդեն քվեարկել է վաղաժամ, այդ թվում` փոստով: Կալիֆոռնիան դարձել է վաղաժամ ընտրողների թվով առաջատար նահանգը, որտեղ քվեարկել է 9 763 859 ամերիկացի: Տեխասում նրանց թիվը 9 669 246 է, որին հաջորդում են Ֆլորիդան (8,29 միլիոն) եւ Հյուսիսային Կառոլինան (4,34 միլիոն):
Նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ ընդհանուր ընտրություններում կընտրվեն նախագահ եւ փոխնախագահ, 35 սենատորներ, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, նահանգների եւ տարածքների 13 նահանգապետեր եւ տեղական ինքնակառավարման մարմիններ: Հանրապետական Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը պայքարում են նախագահի պաշտոնի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը: