Անգլիայում մեկ ամսով համազգային կարանտին կսահմանվի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է հինգշաբթի օրվանից Անգլիայում մեկամսյա համազգային կարանտին մտցնելու մասին, հայտնում է Sky News-ը:
Մինչ դեկտեմբերի 2-ը Անգլիայի բնակիչները տնից կարող են դուրս գալ միայն որոշակի պատճառներով՝ սովորելու, աշխատանքի գնալու կամ մթերք գնելու համար:
Շաբաթ երեկոյան մամուլի ասուլիսի ժամանակ Ջոնսոնն ասել է, որ համազգային կարանտինի այս երկրորդ փուլն այլընտրանք չունի:
Նա նշել է, որ ոչ մի պատասխանատու վարչապետ չէր կարող անտեսել Անգլիայում վարակների թվի աճը:
Բրիտանիայի վարչապետը նաեւ նախազգուշացրել է այս ձմռանը COVID-19-ից մահացության ավելի բարձր մակարդակի մասին` համեմատելով կորոնավիրուսի առաջին ալիքի հետ, եթե կարանտին չմտցվի:
Դպրոցները, քոլեջները եւ համալսարանները բաց կմնան, եւ այն քաղաքացիները, ովքեր չեն կարող տանից աշխատել, օրինակ՝ շինարարության եւ արդյունաբերության ոլորտի աշխատողները, կշարունակեն աշխատանքի գնալ։