«Ադրբեջանն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները». Փաշինյանը՝ Շուշիի և Ստեփանակերտի ռմբակոծման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից այսօր վաղ առավոտից Շուշիի և Ստեփանակերտի դեմ հարվածներին:
«Չնայած խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու մասին ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Ադրբեջանը վաղ առավոտից վերսկսեց Շուշիի և Ստեփանակերտի ռմբակոծությունը: Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները, իսկ Արցախի խաղաղ բնակչությունը նրա հիմնական թշնամին և թիրախն է»,- նշել է Փաշինյանը։
Մինչդեռ ավելի վաղ հայտարարվել էր, որ Բաքուն և Երևանը Ժնևում կայացած հանդիպման ընթացքում խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) համատեղ հայտարարությունում: