Ռոբերտ Էմմիյանը՝ Փարիզից․ Բոլորս լիահույս ենք, որ Ֆրանսիան կճանաչի Արցախի անկախությունը
Ակտիվ մասնակցում եմ Ֆրանսիայում անցկացվող խաղաղ ցույցերին, որտեղ ամբողջ ֆրանսիահայության պահանջը մեկն է՝ Արցախի անկախության ճանաչում: Բոլորս լիահույս ենք, որ Ֆրանսիան կանի այդ քայլը եւ կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, որը երկար տարիներ բնակվում է Ֆրանսիայում:
Սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործությունների առաջին օրերից Ռոբերտ Էմմիյանն իր դստեր՝ Լաուրեն Էմմիյանի հետ միացել է Ֆրանսիայի հայ համայնքի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող բողոքի ցույցերին եւ ակտիվ մասնակցություն է ունենում գրեթե բոլոր միջոցառումներին:
Պարոն Էմմիյան, ինչպիսի՞ն է իրավիճակը հայ համայնքի շրջանում վերջին դեպքերից հետո:
Մեզ բոլորիս մտահոգում է այն, ինչ կատարվում է Արցախում, ռազմաճակատում: Այստեղ յուրաքանչյուր հայի համար մեծ ցավ է ամեն մի զինվորի մահը, Արցախում տեղի ունեցող ռմբակոծությունները: Ամբողջ հայ համայնքը, տեսնում եմ նաեւ աշխարհի բոլոր երկրների հայերը ոտքի են ելել: Յուրաքանչյուրն էլ սահմանում ունի բարեկամ, հարազատ, ծանոթ, ընկեր: Ես զարմացած ու հիացած եմ, թե ինչ համախմբված է Ֆրանիսայի, աշխարհի հայությունը, ինչպես են բոլորը կազմակերպված միանում ակցիաներին, բողոքի ցույցերին, իրենց ձայնը բարձրացնում եւ փորձում այստեղ՝ սփյուռքում, իրենց միասնականությամբ, համախմբվածությամբ ինչ-որ լուծման հասնել: Բոլորիս, անխտիր բոլորիս ցանկությունն ու այս պահին երազանքը մեկն է՝ կրակը դադարի, խաղաղություն լինի, խաղաղ պայմաններում մարդիկ ապրեն, պատերազմ չլինի:
Ես հպարտանում եմ, տեսնելով աշխարհի հայությանը, ոչ միայն Ֆրանսիայում, Եվրոպայի մյուս խոշոր երկրներում, ԱՄՆ-ում որքան զսպված, կազմակերպված ու խաղաղ են ընթանում հայերի կողմից կազմակերպված ցույցերը: Մենք՝ գտնվելով պատերազմի մեջ, մեզ հրահրված պատերազմի մեջ, չենք կորցնում մեր զգոնությունը եւ աշխարհի ամեն անկյունում, խաղաղ, առանց քաշքշուկի տասնյակ հազարներով հավաքվում ենք, մեր խոսքը, ձայնն ասում: Եթե նույնիսկ լինում են միջադեպեր, ապա դրանք միայն սադրանքներ են թուրքերի, ադրբեջանցիների կողմից: Բայց դա էլ նրանց մոտ չի ստացվում, ամեն ինչ անմիջապես հարթվում է, հանդարտվում, վերահսկվում:
Ո՞րն է ֆրանսահայության պահանջը եւ ի՞նչ գործողություններ են արվում:
Խաղաղ ցույցեր անցկացվում են Փարիզում, Լիոնում, Մարսելում: Բոլորին ֆիզիկապես չեմ հասցնում ներկա գտնվել: Նախորդ օրը մասնակցեցի Փարիզի բազմահազարանոց ցույցին: Այստեղ ուզում եմ իմ եւ ամբողջ հայ համայնքի անունից շնորհակալություն հայտնել Փարիզի քաղաքապետին, քաղաքի ղեկավարներին եւ, իհարկե, երկրի նախագահին՝ մեզ աջակցելու, ցույց անելու, փողոցներ փակելու թույլտվություն տալու համար: Նախորդ օրվա Փարիզի ցույցին ավելի քան 20 հազար մարդ էր մասնակցում: Փակել էին մայրաքաղաքի կարեւորագույն փողոցները ու մեզ ոչ ոք չարգելեց, չխանգարեց, չխոչընդոտեց: Էյֆելյան աշտարակից ոտքով ու կոչերով շարժվեցինք դեպի Ազգային ժողովի շենք: Եւս մեկ անգամ փաստում եմ, որ խաղաղ ցույց էր, որեւէ ագրեսիա, հրմշտոց չի եղել: Մեր կոչը մեկն է՝ ճանաչել Արցախի անկախությունը եւ օգնել հրադադարի հաստատմանը:
Զարմանալի է, թե ինչպես կարելի է այդ հոծ բազմությանը այդպես ինքնակազմակերպել, ուղղորդել, հետեւել որ չլինի որեւէ խնդիր, տարակարծություններ:
Այստեղ ադրբեջանական համայնքը նույնպես ցույցեր է անում: Նրանք սակավաթիվ են, մի քանի տասնյակ են, բայց իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, քանի որ շատ ագրեսիվ վարքագիծ են ցուցաբերում: Վիրավորական կոչերով են ելույթ ունենում, ագրեսիվ են: Միտումնավոր հայերի բազմության մեջ են մտնում, պրովոկացիա անում, որ անհաշտություններ լինեն, ագրեսիա հասունանա: Բայց նրանք լավ գիտեն, որ մենք խաղաղ ցույցեր ենք անում, որեւէ երկրի, կառավարության, իշխանության չենք վատաբանում, հայհոյախառը գոչերով հանդես չենք գալիս: Մենք մեր ձայնն ենք բարձրացնում եւ մեր պահանջը ներկայացնում Ֆրանսիայի կառավարությանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: