Դավիթ Տոնոյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը
Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
ՊՆ գրասենյակի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը: Պաշտպանության նախարարը ներկայացրել է օտարերկրյա զինծառայողների եւ վարձկանների ներգրավվածության փաստեր, հակառակորդի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետեւանքները: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ հայկական ուժերն ունեն իրենց առջեւ դրված խնդիրները վստահորեն կատարելու բավարար հնարավորություններ, իսկ հրադադարի պահպանումը հնարավոր է ապահովել միայն միջազգային վերիֆիկացիոն միջոցների կիրառման պարագայում:
Դեսպանը Լաքոտն իր հերթին նշել է հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման եւ բանակցությունների միջոցով խնդրի կարգավորման ջանքերի գործադրման անհրաժեշտությունը: