ՀՖՖ-ն որակազրկել է Ջևան Չելոյանցին, «Ուրարտուն» տուգանվել է
Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը «Գանձասար-Կապանի» դեմ Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում (0:2) տեղի ունեցած միջադեպի համար որակազրկվել է 1 խաղով, իսկ ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը՝ 3:
ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի արձանագրությունում նշվում է հետևյալը.
«2. 26/10/20թ. «Գանձասար-Կապան»-«ՈՒրարտու» (ԲԽ042) խաղին «ՈՒրարտու» թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի (N 36106) հեռացման մասին. մրցակից թիմի հասցեին անհարգալից արտահայտություններ հնչեցնելու համար
ՈՐՈՇԵՑԻՆ` 2. 26/10/20թ. «Գանձասար-Կապան»-«ՈՒրարտու» (ԲԽ042) խաղին «ՈՒրարտու» թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի (N 36106) հեռացման (մրցակից թիմի հասցեին անհարգալից արտահայտություններ հնչեցնելու) համար, մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանին որակազրկել 1 խաղով, «ՖԱ Ուրարտու» ՄՀԿ-ին տուգանել 250000 ՀՀ դրամի չափով՝ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 34-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն»:
«6. 26/10/20թ. «Գանձասար-Կապան»-«ՈՒրարտու» (ԲԽ042) խաղի մասին. Հանդիպման առաջին խաղակեսի միջնամասից սկսած «ՖԱ Ուրարտու» ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը դժգոհում էր գլխավոր մրցավարի գործողություններից՝ ամեն որոշմանը շատ բուռն արձագանքելով։ Մինչ հյուրերի առաջին խփած գոլը, երկրորդ խաղակեսի սկզբում, պարոն Չելոյանցը «ՖԱ Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանին ՎԻՊ գոտուց հրամայում էր թիմը հեռացնել խաղադաշտից և չշարունակել հանդիպումը, ասելով, թե այս ամենը կլոունադա է։ Իսկ գոլից անմիջապես հետո, երբ Ալեքսանդր Գրիգորյանը իր պահվածքի համար ստացավ կարմիր քարտ և հեռացվեց խաղադաշտից, պարոն Չելոյանցը պնդում էր, որպեսզի թիմն անմիջապես լքի խաղադաշտը և գնա հանդերձարան, ինչի արդյունքում հյուրերի ֆուտբոլիստները մոտ 3,5 րոպե անորոշության մեջ սպասում էին իրենց ղեկավարի որոշմանը։ Սակայն, երբ հեռացումից հետո Գրիգորյանը բարձրացավ ՎԻՊ գոտի, Չելոյանցի հետ խոսելուց հետո, հրահանգեց թիմին շարունակել հանդիպումը։ Պարոն Չելոյանցը, լքելով ՎԻՊ գոտին և մարզադաշտը, անվայել հայհոյանքներ էր հնչեցնում:
ՈՐՈՇԵՑԻՆ` 6. 26/10/20թ. «Գանձասար-Կապան»-«ՈՒրարտու» (ԲԽ042) խաղին տեղի ունեցած վերոնշյալ միջադեպերի համար, «ՖԱ Ուրարտու» ՄՀԿ-ին տուգանել 250000 ՀՀ դրամի չափով, «ՖԱ Ուրարտու» ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցին որակազրկել 3 խաղով, որից 2-ը պայմանական՝ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 37-րդ կետի համաձայն»: