Հայաստանի առաջին օմբուդսմենը՝ Ադրբեջանում գերության մեջ հայտնված 85-ամյա հայի մահվան մասին. Դա ՄՄԻ-ի դեմ հանցանք է
Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված Ղարաբաղի 85-ամյա բնակիչ Միշա Մելքումյանի մահը որակեց որպես Միջազգային մարդասիրական իրավունքի դեմ հանցանք:
NEWS.am-ի հետ զրույցում Լարիսա Ալավերդյանը նշեց, որ հայկական կողմը չպետք է սահմանափակվի նման ողբերգական հարցերով ՄԻԵԴ-ին դիմելով: «Եթե սահմանափակվենք ՄԻԵԴ-ին դիմելով, հանցանքն անպատիժ կմնա: Միջազգային հանցանքների սիստեմատիկ իրականացում է տեղի ունենում, մասնավորապես, ՄՄԻ-ի եւ մարդու իրավունքների դեմ: Սակայն միջնորդների՝ հավասարակշռության ու լուծման հասնելու ձգտումն այնքան օֆիցիոզ է, որ անհնար է դառնում հրադադարի խախտման մոնիթորինգի պարզ որոշումը»,-նշեց Հայաստանի առաջին օմբուդսմենը: Հիշեցնենք, որ Լարիսա Ալավերդյանը միջնորդներին առաջարկել էր հրադադարի ռեժիմի մոնիթորինգի համար տիեզերական զոնդաժի մեթոդ կիրառել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը գերեվարել են Հադրութի երկու տարեց բնակիչների: Չորեքշաբթի Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 85-ամյա Եվգենիա Բաբայանին (ծնված 1935 թվականին): Ադրբեջանի իշխանությունները չեն փոխանցել Միշա Մելքումյանին այն պնդմամբ, որ նրան հակացուցված է տեղափոխվելը: Այսօր առավոտյան հայտնի է դարձել տարեց տղամարդու մահվան մասին:
Միշա Մելքումյանն Ադրբեջանի բանտապահների առաջին զոհը չէ. խոշտանգումների ենթարկված Տավուշի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը, ով մահացել է գերությունից վերադառնալուց հետո, ում գերության մեջ բենզին էին ներարկել, գերության մեջ խոշտանգված Կարեն Պետրոսյանը, գերության մեջ իբր կախված Մանվել Սարիբեկյանը: Եվ սա զոհերի ամբողջական ցուցակը չէ: