Ֆրանսիայի ՆԳ նախարարը չի բացառել նոր հարձակումների հնարավորությունը
Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը չի բացառել երկրում նոր հարձակումների իրականացումը, քանի որ Ֆրանսիան «պատերազմ է մղում իսլամիստական գաղափարախոսության դեմ»:
«Մենք պատերազմ ենք մղում թշնամու դեմ, որն ինչպես ներսում, այնպես էլ դրսում է»,- ասել է Ժերալդ Դարմանինը RTL ռադիոյին: «Մենք պետք է հասկանանք, որ եղել են եւ կլինեն այլ իրադարձություններ, ինչպիսիք են այս սարսափելի հարձակումները»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հինգշաբթի վաղ առավոտյան Նիսի կենտրոնում դանակով զինված տղամարդը հարձակվել էր Նոտր Դամ տաճարի հավատացյալների վրա:
Ըստ վերջին տեղեկությունների` հարձակման արդյունքում մահացել է երեք մարդ, հարձակվողը բերման է ենթարկվել: Նիսում տեղի ունեցած միջադեպից կարճ ժամանակ սառը զենքի կիրառմամբ հարձակումներ էին տեղի ունեցել նաեւ Ավինյոնում եւ սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Ֆրանսիայի հյուպատոսության շենքի մոտ: