«Ֆրանսիական ապրանքները փոխարինիր թուրքականով». Քուվեյթում «տնտեսական արշավ» է սկսվել ընդդեմ Ֆրանսիայի
Քուվեյթում ի նշան ֆրանսիական իշխանությունների հակաիսլամական հռետորաբանության և Մոհամեդ մարգարեի մասին վիրավորական հրապարակումների դեմ բողոքի՝ սկսվել է «ֆրանսիական ապրանքների բոյկոտ և թուրքական արտադրության ապրանքների առաջխաղացման» արշավ, փոխանցում է inosmi-ն:
Ֆրանսիական արտադրանքի բոյկոտի նպատակով Քուվեյթում սոցկայքերի օգտատերերը ստեղծել են «Փոխարինի՛ր ֆրանսիական ապրանքները թուրքականով» հեշթեգը:
Քուվեյթցի ակտիվիստները տարածել են ֆրանսիական ապրանքների լուսանկարներ, որոնք լայնորեն կիրառվում են երկրում, և հրապարակել են թուրքական արտադրանքի անվանումները, որոնցով կարելի է դրանք փոխարինել:
Սոցկայքերում նշում են, որ ֆրանսիական ապրանքների բոյկոտի արշավին միացել են երկրի առաջատար խանութները և առևտրային կետերը:
Քուվեյթի արտաքին գործերի նախարար Ահմեդ Նասեր ալ Մուհամեդ աս Սաբահը Ֆրանսիայի դեսպանին նախազգուշացրել է, որ Ֆրանսիան պետք է դադարեցնի կրոնի նկատմամբ հարձակումներն իր արտահայտություններում: Նա նշել է, որ իր երկիրը դեմ է իսլամն ահաբեկչության հետ կապող քաղաքականությանը:
Քուվեյթի իշխանությունները ֆրանսիական արտադրանքի բոյկոտի արշավի վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություններ չեն արել: