Ռուսաստանի և Չինաստանի հիպերձայնային զենքը ԱՄՆ-ի համար սպառնալիք է ներկայացնում
Ռուսաստանի եւ Չինաստանի հիպերձայնային զենքը ԱՄՆ-ի համար սպառնալիք է ներկայացնում։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամատարության (NORAD) եւ ԱՄՆ ԶՈՒ Հյուսիսային հրամանատարության (USNORTHCOM) ղեկավար, գեներալ Գլեն Վանհերքը, փոխանցում է ՌԲԿ-ն։
Գեներալը նշել է, որ ռուսական «Ավանգարդ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը արդեն սպառազինություն է մատակարարվել։ Վանհերքի խոսքով՝ հիպերձայնային զենքի դեմ պաշտպանությունը չի հասնում դրա զարգացման հետեւից։ Հետեւաբեր այն մարտահրավեր է նետում ԱՄՆ վաղ նախազգուշացման հնացած համակարգերին։
Ընդ որում՝ գեներալը նշել է, որ հիպերձայնային զենքի դեմ պաշտպանությունը չի պահանջում սկզբունքորեն նոր տեխնոլոգիաներ։ Նրա կարծիքով՝ արդյունավետ պաշտպանությունը պետք է ներառի հակառակորդի գործողությունների իրազեկվածություն, ինչպես նաեւ արդյունավետ հետեւում բոլոր փուլերին՝ արձակումից մինչեւ հարված։
Սրա հետ կապված NORAD-ի հրամանատարը հավելել է, որ Պենտագոնը «ճիշտ ուղղությամբ է գնում»․ ռազմական գերատեսչությունը մշակում է անդրհորիզոնային ռադարներ եւ սենսորներ, այդ թվում՝ տիեզերքում, որոնք աշխատում են արհեստական ինտելեկտի եւ մեքենայական ուսուցման միջոցով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսին հայտարարել էր, որ Ռուսաստանը եզակի վիճակում է, քանի որ հիմա ոչ ոք չի կարող խոցել հիպերձայնային հրթիռները։ Նրա խոսքով՝ երբ մյուսների մոտ համանման զենք հայտնվի, մեծ հավանականությամբ Ռուսաստանն արդեն կունենա դրանց դեմ պայքարելու միջոցը։