Եվրոպան պետք է վերադառնա իրականությանը, պետք է որոշակի գործողություններ ձեռնարկվեն Թուրքիայի դեմ. Հունաստանի պաշտպանության նախարար
Եվրամիությունը վաղ թե ուշ կբախվի Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությանը, քանի որ Անկարան դժվար թե հրաժարվի իր վարքից Միջերկրական ծովում: Նման կարծիք է հայտնել Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը՝ Գերմանական Մարշալի հիմնադրամի տեսասեմինարի ընթացքում: Փոխանցում է eadaily-ն:
«Ես հասկանում եմ որոշ եվրոպացի գործընկերների անհանգստությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցների համար և դրանց հանդեպ Անկարայի արձագանքից: Վաղ թե ուշ Եվրոպան կբախվի պատժամիջոցներ սահմանելու անխուսափելիության հետ, քանի որ Թուրքիան դժվար թե հրաժարվի իր սադրիչ վարքագծից: Հետաքրքիր է՝ որտե՞ղ է այդ ամենի սահմանը»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ հարկ է հաշվի առնել ոչ միայն Անկարայի «բացահայտ սպառնալիքները» Աթենքի և Նիկոսիայի հասցեին, նրա վարքագիծը Փարիզի և Միջերկրականի այլ խաղակիցների հանդեպ:
«Եվրոպան պետք է վերադառնա իրականությանը, պետք է որոշակի գործողություններ ձեռնարկվեն Թուրքիայի դեմ: Այո, ես պետք է հաշվի առնեմ ԵՄ-ի ներսում համաձայնեցման գործընթացը, սակայն եթե Թուրքիայի նման պահվածքը շարունակվի, վախենում եմ, որ որոշակի պատժամիջոցների սահմանմանը այլընտրանք չի լինի»,- հայտարարել է Հունաստանի ՊՆ-ն:
Միևնույն ժամանակ, նախարարը կարծիք է հայտնել, որ թուրքական տնտեսությունը գտնվում է թույլ վիճակում և պատժամիջոցները նրան հետագա վնասներ կհասցնեն: