Հայերը ցույց են անցկացրել SpaceX-ի կենտրոնակայանի մոտ՝ կոչ անելով հրաժարվել Թուրքիայի համար արբանյակի արձակումից
ԱՄՆ-ում հարյուրավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել Հոթորնում SpaceX-ի կենտրոնակայանի մոտ՝ Իլոն Մասկին կոչ անելով հրաժարվել Թուրքիայի կառավարության համար արբանյակի արձակումից, որը, նրանց խոսքով, կարող է օգնել ռազմական հանցագործություններում, փոխանցում է KTLA-ն։
«SpaceX-ը պատրաստվում է Թուրքիայի համար արբանյակ արձակել, որում կան որոշակի առաջավոր տեխնոլոգիաներ, որոնք կարելի է պատերազմական ժամանակ օգտագործել հարձակումների մեծ ճշգրտության եւ ավելի կոնկրետ տեսակների համար»,- ասել է ակցիայի կազմակերպիչ Ֆրեդ Թաթլյանը։
Ցուցարարները հայտարարել են, որ իրենք Tesla եւ SpaceX ընկերությունների գլխավոր տնօրեն Մասկին կոչ են անում կասեցնել կապի արբանյակի նոյեմբերյան արձակումը։ «Ես միշտ հարգել եմ Իլոն Մասկին։ Այնպես որ, այստեղ եմ ոչ այն նպատակով, որ նրան դատապարտեմ։ Բայց ես հուսով եմ, որ նա հիմա պատմության ճիշտ կողմում է»,- ասել է Թաթլյանը։