Դժվար է վերադառնալ իրականություն, երբ դու կաս, ընկերներդ՝ չկան․ զինվորները երազում են խաղաղության մասին
Արդեն 33 օր է, ինչ Հայաստանը և Արցախը պայքարում են թուրք-ադրբեջանական ագրեսիայի և վարձկանների դեմ: Եվ ադ ծանր բեռն ընկած է մեր երիտասարդ տղաների, մեր զինվորների ուսերին: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է ստեղծվում նոր դյուցազնավեպ, որովհետև պատերազմը նոր հերոսներ է ծնում, և ամեն օր լսում ենք նորանոր քաջագործությունների մասին և հպարտանում երիտասարդ սերնդով:
«Առաջին լրատվական»-ը երեկ զրուցել է մերօրյա հերոսներ Արթուր Հովհաննիսյանի և Հայկ Աղաջանյանի հետ:
«Երբ հայրենասիրական երգեր լսելով ես մեծանում, երբ անգամ օրորոցային երգդ եղել է «Արի՛, ի՛մ սոխակ» երգը, այլ կերպ չես կարող մեծանալ»,- ասում է Հայկ Աղաջանյանը և ընդգծում, որ իրենց հերոսը Շահենն է՝ իրենց ընկերը, ով գիտակցաբար դուրս գալով մահվան դեմ, կրակահերթի տակ իր հարյուրավոր ընկերների կյանքն է փրկել:
«Մեր հնարավորության չափով թիկունքում էլ ամեն ինչ պետք է անենք, որ օգնենք, որ հաղթանակը մի վայրկյան շուտ լինի»,- վստահեցնում է Արթուր Հովհաննիսյանը:
Հայկ Աղաջանյանը մեջբերում է Վազգեն Սարգսյանի խոսքերը՝ թշնամին չի փոխվում, թշնամին միշտ փախչում է, և հավելում՝ այսօր էլ ոչինչ չի փոխվել:
«Դժվար է վերադառնալ իրականություն, երբ դու կաս, ընկերներդ՝ չկան: Դա դաժան է, բայց ստիպված ենք համակերպվել»,- ասում են տղաները:
Տղաներն ընդգծում են՝ զինվորները մտածում ու երազում են առաջին հերթին խաղաղության մասին:
Մանրամասն՝ տեսանյութում: