Եվրոպայում կորոնավիրուսի նոր տարբերակ է տարածվում
Կորոնավիրուսի նոր տարբերակը, որը, ենթադրաբար, ծագել է Իսպանիայում, տարածվում է ամբողջ Եվրոպայում, հաղորդում է CNBC-ը:
Նոր ուսումնասիրության համաձայն, գիտնականների միջազգային խումբը ուշադիր հետեւել է կորոնավիրուսին՝ նրա գենետիկ մուտացիաների միջոցով: Կորոնավիրուսի յուրաքանչյուր տարբերակ ունի իր գենետիկական ստորագրությունը, ինչը նշանակում է, որ այն կարելի է գտնել այն վայրում, որտեղ առաջին անգամ հայտնվել է:
Հիվանդության նոր տարբերակը, որը Շվեյցարիայի եւ Իսպանիայի հետազոտողների կողմից նույնականացվել է որպես 20A.EU1, Իսպանիայում առաջին անգամ հայտնաբերվել է հունիսին, իսկ հուլիսից երկրում գրանցվել է ավելի քան 40% հաճախականությամբ:
Հետազոտողները նշել են, որ իրենք չունեն ուղղակի ապացույց այն բանի, որ վիրուսի նոր տարբերակը տարածվում է ավելի արագ, քան մյուս մուտացիաները՝ չնայած շատ երկրներում դեպքերի աճին:
Ներկայումս հիվանդության ծանրությունը գնահատելու համար տվյալներ չկան, եւ չնայած 20A.EU1-ը որոշ երկրներում գերակշռում է, այն չի տարածվում ամենուր, եւ կորոնավիրուսի տարատեսակ տարբերակները «շարունակում են շրջանառվել ամբողջ Եվրոպայում»:
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ Իսպանիայում արձակուրդից վերադարձող մարդիկ, հնարավոր է, դեր են խաղացել Եվրոպայում վիրուսի նոր տարբերակի տարածման գործում: