ԱՄՆ-ի Պետդեպում հայտարարել են C-400-ի պատճառով Թուրքիայի՝ պատժամիջոցների ներքո հայտնվելու ռիսկի աճի մասին
Քաղաքական հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Քլարք Քուփերը հայտարարել է, որ մեծանում է ռուսական C-400 զենիթային համալիրներ (ԶՀՀ) գնելու առնչությամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո Թուրքիայի հայտնվելու ռիսկը: Այդ մասին գրում է National Defense ամերիկյան հանդեսը:
«Մշտական խոսակցությունը, որը մենք ունեցել ենք թուրք գործընկերների հետ, եղել է այն մասին, որ С-400-ներն … անհամատեղելի են ԱՄՆ-ի հարթակների հետ: Դրանք անհամատեղելի են ՆԱՏՕ-ի հետ: Այդ միջոցների կամ համակարգերի ներդրումն ինքնին կհանգեցնի պատժամիջոցների լրացուցիչ ռիսկի եւ սահմանափակումների (սպառազինությունների) լրացուցիչ ռիսկերի»,-հրատարակությունը մեջբերում է Կուփերի խոսքը: Քուփերի խոսքով՝ ԱՄՆ-ի վարչակազմը «Անկարային պարզորոշ հասկանալ է տվել, որ C-400-ի փորձարկումները միանգամայն անընդունելի են»:
Հակաօդային պաշտպանության C-400 ռուսական նորագույն համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամի են հանգեցրել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել են 2019 թվականի հուլիսի կեսերին: Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից եւ փոխարենը ձեռք բերել Patriot ամերիկյան համակարգերը՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես չեղարկել F-35 նորագույն կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ պատժամիջոցներ սահմանել CAATSA-ին (օրենք «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին») համապատասխան: Անկարան հրաժարվել է զիջումների գնալ եւ շարունակել է C-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ բանակցությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: