Մերկելը կոլապս է կանխատեսել Գերմանիայում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի հայտարարել է, որ երկրի կառավարությունը նոր խիստ կարանտին է մտցնում բնակիչների համար: Ըստ Reuters-ի` կարանտինը կսկսվի նոյեմբերի 2-ից:
Եթե ոչինչ չձեռնարկվի, ասել է նա, գերմանական առողջապահական համակարգում կոլապս տեղի կունենա:
«Սրանք կոշտ միջոցներ են»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:
Նա շեշտել է, որ իշխանությունները երկու շաբաթվա ընթացքում կվերանայեն ընդունված յուրաքանչյուր սահմանափակիչ որոշման արդյունավետությունը:
Նոր սահմանափակումների թվում է բարերի, ռեստորանների, թատրոնների եւ կինոթատրոնների փակումը: Դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաեւ խանութները բաց կմնան, սակայան` սոցիալական հեռավորության խիստ պահպանմամբ:
Մերկելը հայտարարել է բնակչությանն աջակցության նոր միջոցառումների մասին: Փոքր բիզնեսի կրած կորուստները կփոխհատուցվեն` սովորականից մինչեւ 75 տոկոսի չափով:
Կանցլերն ընդգծել է, որ իշխանությունների գլխավոր նպատակն է հնարավորինս խուսափել երկրի տնտեսությանը սպառնացող վնասներից: