Կամավորականների մարզումները առաջնագիծ մեկնելուց առաջ. Այստեղ են նաեւ աղջիկներ. Նոր տեսանյութ
Զինուժ մեդիան տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացնում է, թե առաջնագիծ մեկնելուց առաջ ինչպես են մարզումներ անցկացնում կամավորականները:
Երբ սեպտեմբերի 27-ին երկրում հաստատվեց ռազմական դրություն, «Ողջ մնալու արվեստը» կազմակերպությունը, Վովա Վարդանովի գլխավորությամբ, նախաձեռնեց արագընթաց դասընթացներ, որոնց կամավորագրվեցին հարյուրավոր կուրսանտներ ու կամավորներ:
«Ես ժամանել եմ Բելգիայից, որպեսզի օգտակար լինեմ տարբեր ոլորտներում: Ցանկալի կլիներ մասնագիտական, բայց յուրաքանչյուր պահին հարկ եղած դեպքում օգտակար լինենք նաեւ այսպես, մեր ողջ գիտելիքներով եւ ուժով»,-ասում է կամավորականներից մեկը:
Երգիչ Հայկ Պետրոսյանը (դերասան Վարդան Պետրոսյանի որդին-խմբ) եւս այստեղ է. «Այստեղ ենք, որպեսզի պատրաստվենք կռիվ գնալուն: Լեռնահրաձգության հետ կապված ամեն ինչ շատ լավ սովորում եմ, լավ պատրաստում են, որ գնալուց իմանաս, որ օգուտ ես տալու»:
Այստեղ գալիս են նաեւ աղջիկներ, վերապատրաստվում են: Դասընթացը ներառում է կրակային պատրաստություն, ալպինիզմ, առաջին բուժօգնություն, կամավորների ու կուրսանտների հետ աշխատում են հոգեբանները:
«Մարտական ոգին շատ բարձր է, մարտական: Մենք մենակ հաղթելու տարբերակով կարող ենք թշնամուն պարտադրել խաղաղություն: Միայն հաղթելու մեջ է մեր փրկությունը, այլ տարբերակ չկա»,-ասում է կամավորականներից մեկը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: