Պեսկովը պատասխանել է Կադիրովի հայտարարությանն այն մասին, որ Մակրոնն ահաբեկչություն է սադրում
Ռուսաստանի արտաքին քաղաքականության որոշման գործում գերիշխող դերը երկրի նախագահինն է, այլ ոչ թե սուբյեկտների ղեկավարներինը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հայտարարությունը՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հասցեին Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշման վերաբերյալ:
Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, Կադիրովը հայտարարել էր, որ Մակրոնը «ահաբեկչություն է հրահրում», երբ աջակցում է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնք տպագրել է Charlie Hebdo երգիծական պարբերականը: Կադիրովը նախազգուշացրել է նաև, որ «նման արձագանքի հետևանքները կարող են շատ ողբերգական լինել», հաղորդում է KP.ru կայքը:
Հոկտեմբերի 16-ին 18-ամյա իսլամիստը գլխատել էր ուսուցչին Փարիզի արվարձաններից մեկում այն բանից հետո, երբ նա դասարանում ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը: Պատմության ուսուցիչ Սամուել Պատիի սպանությունից հետո Մակրոնն ասել էր, որ Ֆրանսիան չի հրաժարվի ծաղրանկարներ տպագրելուց:
Հոկտեմբերի սկզբին Էմանուել Մակրոնը հայտարարություն տարածեց Ֆրանսիայում կրոնական անջատողականության դեմ պայքարի վերաբերյալ և հայտարարեց, որ դեկտեմբերի 9-ին Ֆրանսիայում հանրապետական արժեքների ամրապնդմանն ուղղված օրինագիծ կներկայացվի:
Ի պատասխան Պեսկովի հայտարարության՝ Ռամզան Կադիրովն իր Telegram ալիքում հաղորդել է, որ համաձայն է նախագահի գերիշխող դերին արտաքին քաղաքականության ձևավորման գործում, սակայն նշել է, որ «նա իր կարծիքը Ֆրանսիայի իշխանությունների հասցեին հայտնել է որպես մուսուլման, այլ ոչ թե որպես քաղաքական գործիչ»: