Ֆրանսիայի Լիոն քաղաքում հարյուրավոր թուրքեր գիշերը պարետային ժամի պայմաններում փողոց են դուրս եկել՝ որոնելով հայերի բիզնես տարածքներ, դրանք ավերելու նպատակով (Տեսանյութ)
Ֆրանսիայի Լիոն քաղաքում հարյուրավոր թուրքեր գիշերը պարետային ժամի պայմաններում փողոց են դուրս եկել՝ որոնելով հայերի բիզնես տարածքներ, դրանք ավերելու նպատակով:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան հայ ցուցարարները փակել էին դեպի Վալանս եւ Վիեն տանող մայրուղին 2 ուղղություններով՝ իրենց բողոքը հայտնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիայի դեմ: Այդ ակցիայի ժամանակ մի խումբ թուրքեր մուրճերով ու դանակներով հարձակվել էին հայ ցուցարարների վրա: 10-ից ավելի մարդ է տուժել, այդ թվում երեխա:
«Նիդերլանդական օրագիրը» թարգմանաբար մանրամասներ է ներկայացրել ledauphine.com կայքից, որտեղ նշվում է. «Առավոտ վաղ երկու համայնքների միջեւ լարվածությունը փոփոխության ենթարկվեց Վիեննի հիվանդանոցում, որտեղ մուրճի հարված ստացած հայ երիտասարդը հոսպիտալացվել էր: Երբ թուրքական համայնքից ինչ-որ մեկը այստեղ եկավ բուժման, հայացքներ փոխանակվեցին հայկական կողմում գտնվող տասնհինգ հոգու հետ: «Ոչ մի կռիվ, ոչ մի խոսք չի փոխանակվել, թեեւ լարված էր մթնոլորտը», – հայտնել է ոստիկանությունը, որը բոլորին, բացի տուժողի ծնողներից ու քրոջից դուրս է հրավիրել այդ վայրից»:
Իսկ արդեն գիշերը, ոստիկանության գնահատականով՝ 150 հոգուց բաղկացած թուրքական ամբոխը փողոցներում սպառնալիքներ էր վանկարկում հայերի հասցեին. «Ալլահ Աքբար», «Ո՞ւր են հայերը»:
Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրքերի ամբոխը հարձակվել է նաեւ ոստիկանների վրա, սակայն վերջիններս հանդես են բերել սառնասրտություն:
Հիշեցնենք, որ երեկ Վալանսի ճանապարհին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, որտեղ խստորեն դատապարտել է Վալանս տանող ճանապարհին ազգությամբ հայ խաղաղ ցուցարարների դեմ ռասայական խտրականության հողի վրա իրականացված հարձակումը, որի արդյունքում կան տուժածներ և մարմնական վնասվածքներ ստացողներ։
«Բռնության յուրաքանչյուր դրսևորում, առավել ևս՝ խաղաղ ցույց անող քաղաքացիների նկատմամբ, որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել։ Միևնույն ժամանակ, դեսպանությունը կոչ է անում Ֆրանսիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին չտրվել որևէ սադրանքի՝ հավատարիմ մնալով ֆրանսիական օրենսդրության պահանջներին»,-ասված է հայտարարությունում: