Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է Վալանսի ճանապարհին հայ ցուցարարների վրա իրականացված հարձակումը
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է այսօր Վալանս տանող ճանապարհին ազգությամբ հայ խաղաղ ցուցարարների դեմ ռասայական խտրականության հողի վրա իրականացված հարձակումը, որի արդյունքում կան տուժածներ և մարմնական վնասվածքներ ստացողներ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
«Բռնության յուրաքանչյուր դրսևորում, առավել ևս՝ խաղաղ ցույց անող քաղաքացիների նկատմամբ, որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել։
Միևնույն ժամանակ, դեսպանությունը կոչ է անում Ֆրանսիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին չտրվել որևէ սադրանքի՝ հավատարիմ մնալով ֆրանսիական օրենսդրության պահանջներին»։
Հիշեցնենք, երեկ Operativ լրատվականը հայտնել էր, որ Ֆրանսիայում հայերի կազմակերպած ակցիայի ժամանակ, որտեղ նրանք փակել էին Վալանս տանող մայրուղին և պահանջում էին Ֆրանսիայի իշխանություններից սանձել Թուրքիային ու Ադրբեջանին, նաև ճանաչել Արցախի անկախությունը, թուրքերի կողմից սադրանք է տեղի ունեցել:
Նշենք, որ երկար ժամանակ վիրավոր հայ ցուցարարը ընկած էր ասֆալտին եւ ի վիճակի չէր շարժվել:
Ժամանել են ոստիկաններ, նաև թուրքերի քանակն է ավելացել, ոստիկանները թույլ չէին տալիս, որ թուրքերն ու հայերը մոտենան իրար՝ հնարավոր բախումից խուսափելու համար:
Ի վերջո, հայ ցուցարարները որոշեցին բացել ճանապարհը, իսկ իրենք ուղևորվեցին հիվանդանոց՝ իրենց վիրավոր ընկերոջը տեսակցության: