Կներկայացվի լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքը. հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Գեղագիտության ազգային կենտրոնում հոկտեմբերի 30-ին հատուկ ցուցադրությամբ կներկայացվի հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքն իր 29 լուսանկարչական աշխատանքով։
«Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը» խորագրով ցուցադրությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ։
«Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը» խորագրով ցուցահանդեսի համադրողն է արվեստաբան Վիգեն Գալստյանը։
Ցուցադրության նախաձեռնողների նպատակը թիկունքի ամրապնդման գործում արվեստի միջոցով ներդրում կատարելն ու առաջնագծում գտնվող հայ զինվորին հնարավոր օժանդակություն եւ աջակցություն ցուցաբերելն է։ Ցուցահանդեսի մուտքի տոմսերի, պատկերագրքի, պաստառների ու բացիկների վաճառքի ամբողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։