Ֆրանսիայում հնարավոր է մեկ ամսով կարանտին մտցվի
Ֆրանսիայի իշխանությունները կարող են կարանտին մտցնել առաջիկա օրերին ողջ երկրում՝ չորս շաբաթ ժամկետով: Նման տվյալներ է երեքշաբթի օրը հաղորդել BFMTV լրատվական հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ըստ այդ տեղեկատվության, իշխանությունները միաժամանակ միջոցներ կձեռնարկեն արդյունաբերության գործունեությանն աջակցելու համար: Դպրոցները, քոլեջները և ճեմարանները չեն փակվի: Պետական մարմիններն ու ծառայությունները կաշխատեն:
Ավելի վաղ վարչապետ Ժան Կաստեքսը հաղորդել էր, որ հինգշաբթի օրը Ազգային ժողովը և Սենատը կքննարկեն և կքվեարկեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի նոր միջոցառումների վերաբերյալ:
Երեքշաբթի օրը Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ տեղի ունեցավ Պաշտպանության խորհրդի նիստ՝ նվիրված կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցառումների մշակմանը: Երկրորդ նման հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի առավոտյան: Դրանից հետո, ժամը 20: 00-ին Մակրոնը հանդես կգա կոչով և կհաղորդի այս ոլորտում ընդունված որոշումների մասին: