Հայկական կողմում կա 2 ադրբեջանցի ռազմագերի, Ադրբեջանում է գտնվում 17 հայ զինծառայող. ՔԿ պաշտոնյա
Այս պահի դրությամբ հայկական կողմն ադրբեջանական կողմից ունի 2 հարցաքննված ռազմագերի, ՔԿ-ում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
«Նրանք պահվում են միջազգային բոլոր մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմամբ, ամենաբարձր մակարդակով ստանում են համապատասխան բժշկական օգնություն, սնունդ և մնացած բոլոր պահանջներն ապահովված են։ Նույնիսկ հարցաքննության ընթացքում նրանցից մեկը նշեց, թե Ադրբեջանում իրեն դժվար թե ավելի լավ վերաբերմունքի արժանացնեին», — ասաց Ռաֆայել Վարդանյանը։
Հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 17 զինծառայող, ովքեր գտնվում են Ադրբեջանում։
«Նրանց տվյալները ճշտված են, երկուսի մասով էլ ճշտվում են։ Աշխատում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ հայաստանյան ներկայացուցչության և ՊՆ ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ», — ասել է նա: