Հայաստանը գրեթե 18 մլն դոլարի վարկ կստանա
Երկկողմ վարկային համաձայնագրի շրջանակում Հայաստանին կտրամադրվի 17,9 մլն դոլարի վարկ: Այս մասին հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում»» վարկային համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Համատեղ ծրագրի իրականացման համար կհատկացվի ընդհանուր 25,4 միլիոն դոլար, որից 17,9 միլիոն դոլարը կտրամադրի Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը՝ որպես վարկ, 6,3 միլիոն դոլարը՝ պետական համաֆինանսավորմամբ եւ 1,1 միլիոն դոլարը՝ համայնքներում ներդրումների միջոցով: Այս վարկը մարելու համար կտրամադրվի 25,5 տարի ժամկետ, որից արտոնյալ ժամանակահատվածը կազմում է 14,5 տարի: