Washington Post. Մակրոնը եւ Էրդողանն իդեալական թշնամի են գտել միմյանց մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքներն այն օրը, երբ լիրան առաջին անգամ ռեկորդային ցածր մակարդակի հասավ` դոլարի դիմաց կազմելով 8 լիրա, գրում է Washington Post-ը:
«Ըստ Goldman Sachs-ի` վերջին 18 ամսվա ընթացքում Թուրքիայի իշխանությունները շուրջ 134 միլիարդ դոլար են ծախսել արժույթին աջակցելու համար»,- նշում է Financial Times-ը: «Այս ջանքերը մեծ վնաս են հասցրել երկրի արտարժույթի պահուստներին` Moody’s վարկանիշային գործակալությանը ստիպելով նախազգուշացնել, որ Անկարան գրեթե սպառել է բուֆերները, որոնք թույլ կտային կանխել պոտենցիալ վճարային հաշվեկշիռը:
Թուրքիայի վերջին օտարերկրյա արկածները, այդ թվում` հայկական ուժերի հետ մարտերում Ադրբեջանին աջակցելը եւ լարված հակասությունը Հունաստանի եւ Կիպրոսի կառավարությունների հետ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում հետազոտման աշխատանքների եւ ռեսուրսների հորատման իրավունքի շուրջ, Էրդողանին ազգայնական էներգիաները ներքին խնդիրներից շեղելու համար ուղղելու հնարավորություն են տալիս ուղղել: Մակրոնի հետ վեճն առաջին անգամը չէ, երբ Էրդողանը բախվում է Արեւմտյան Եվրոպայի առաջնորդի հետ` իր համախոհների կրքերը բորբոքելու համար:
«Անկախ նրանից, թե որքան է հիասթափված Արեւմուտքն Էրդողանին վախեցնելու մարտավարությունից, արեւմտյան երկրները չկարողացան էական պատասխան մշակել, որը կփոխեր Էրդողանի պահվածքը»,- կարծում է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի փորձագետ Գենյուլ Թոլը: «Էրդողանը ուղղությունը փոխելու պատճառ չի տեսնում: Նա դեռ իր ազգայնական եւ իսլամական հայացքներն ամրապնդելու եւ ազգային հպարտություն հրահրելու հնարավորություններ է տեսնում, նա չի շարունակի դա անել»:
Ֆրանսիայի նախագահը նույնպես ակնհայտ ներքին դրդապատճառներ ունի: Ֆրանսիայում իսլամի կարգավորմանն ուղղված նրա քայլերը կարող են օգնել շրջանցել ծայրահեղ աջական քսենոֆոբներին Ֆրանսիայում: Միեւնույն ժամանակ, իր` որպես Էրդողանի հիմնական հակառակորդի հայտնվելը կարող է ամրապնդել այն իմիջը, որը նա ցանկանում է ստեղծել իր` որպես եվրոպական շահերի պաշտպանի համաշխարհային բեմում: Եվրոպական շատ առաջնորդներ, Էրդողանի հռետորաբանությունից վրդովված, համախմբվել են Ֆրանսիայի նախագահի շուրջ:
«Մակրոնն ավելի ու ավելի ավտորիտար եւ ագրեսիվ Թուրքիա է տեսնում, որը սպառնում է եվրոպական անվտանգությանը եւ կարծում է, որ եվրոպացիները պետք է պատասխան տան»,- Today's WorldView-ին հայտարարել է Ատլանտյան խորհրդի անդամ Բենիամին Հադադը:
«Երկուսի համար էլ սա երազի պայքար է»,- կարծում է Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի գիտաշխատող Ասլի Այդընտասբան:
«Մակրոնը եւ Էրդողանը իդեալական թշնամի են գտել միմյանց մեջ: Այս վեճը ինչ-որ տարօրինակ կերպով աշխատում է երկու ղեկավարների օգտին` ինչպես երկրի ներսում, այնպես էլ այն ազդեցության տեսանկյունից, որը նրանք փորձում են պրոյեկտել արտերկրում»:
Եւ իսկապես, նրանց համար կարող է ավելի հաճելի լինել միմյանց դիմակայելը, քան իրենց դեմ ծառացած խնդիրները լուծելը: Էրդողանը մեկ տարի ձգվող ագրեսիվ արկածախնդրությունից հետո շուտով ստիպված կլինի բախվել արտաքին քաղաքականության հետեւանքներին: Մինչդեռ Մակրոնն իր տանը որոշակի դոնկիխոտական որոնումների է դիմում: «Հատկապես Ֆրանսիայի արվարձանային գետոներում ֆրանսիացի մահմեդականների օտարման խնդրի լուծման փոխարեն, ինչը, փորձագետների կարծիքով, հիմնական պատճառն է, որ ոմանց խոցելի է դարձնում արմատականացման եւ բռնության համար, կառավարությունը փորձում է ազդել 1400-ամյա կրոնի պրակտիկայի վրա, որը գրեթե 2 միլիարդ խաղաղ հետեւորդ ունի ամբողջ աշխարհում, այդ թվում` տասնյակ միլիոններ` Արեւմուտքում: Սա տարօրինակ պատասխան է խնդրին»,- նշում է լրագրող Ջեյմս Մաքոլին: