Հունաստանի ՌՕՈՒ-ն կարող է համալրվել վեց F-35 կործանիչներով
Հունաստանի ՌՕՈՒ-ն կարող է համալրվել վեց F-35 կործանիչներով, որոնք ի սկզբանե նախատեսված էին Թուրքիայի համար, հայտնում է Greek City Times-ը։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Հունաստան վերջին այցի ժամանակ քննարկվել եւ համաձայնեցվել են 20 F-35-ի մատակարարումները, որոնցից 6-ը գնվելու է 2022 թվականին եւ մատակարարվելու է Ֆրանսիայից առաջին վեց Rafale կործանիչների հետ միասին։
Հունական Estia պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ-ն F-35 կործանիչները, որոնք ավելի վաղ Թուրքիան էր պատվիրել, Հունաստանին վաճառելու է «կառավարությունից կառավարություն» ընթացակարգի շրջանակում։
Թվում է, որ Անկարայի կողմից Ս-400-ի գնումը եւ վերջերս իրականացրած ակտիվացումը իրավիճակը փոխել են Հունաստանի օգտին։
ԱՄՆ արձագանքը չի սահմանափակվում Հունաստան F-35-ի մատակարարմամբ, այլ նաեւ Թուրքիայում ՆԱՏՕ-ի Ինջիրլիքի բազայի Կրետե տեղափոխելու հնարավորությամբ։ Հարցն արդեն պաշտոնապես քննարկվում է ԱՄՆ Սենատում։ Բանավեճերը կվերսկսվեն՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Հունաստանի եւ ԱՄՆ պաշտպանական համաձայնագրի ժամկետը մի քանի օրից լրանում է, եւ կառավարությունը խորհրդարանին առաջարկելու է այն 5 տարով երկարաձգել։