Washington Examiner. Էրդողանը եռապատկել է կայսերական ֆանատիզմը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ուրբաթ օրն աշխարհին հիշեցրեց, թե ինչու է նա համարվում Վլադիմիր Պուտինի «օգտակար հիմարը»: Շարունակելով այդ ոգով՝ նա եռապատկեց իր կայսերական ֆանատիզմը, գրում է Washington Examiner-ը.
«Ելույթ ունենալով կուսակցական հավաքի ժամանակ՝ Էրդողանը 3 անգամ հերքեց ժողովրդավարական միջազգային կարգը: Նախ, նա քննադատեց Ֆրանսիային իր ժողովրդավարական արժեքները պաշտպանելու համար: Երկրորդ հերթին, խոստացավ շարունակել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ արյունահեղ պատերազմը: Եվ, երրորդ հերթին, խոստացավ նոր հարձակումներ գործել Հունաստանի ինքնիշխանության վրա:
Էրդողանը վիրավորեց Ֆրանսիայի նախագահին այն բանից հետո, երբ ֆրանսիացի ուսուցիչ գլխատվեց իր դասարանում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցույց տալու համար: Պաշտպանելով 5-րդ հանրապետության սահմանադրական հիմքերը՝ Էմանուել Մակրոնը բարեփոխումներ անցկացրեց, որպեսզի խոչընդոտի ծայրահեղականների՝ ինտելեկտուալ եւ սեռային սեգրեգացիա սերմանելու ձգտումները: Արդարացիորեն խոստովանելով սոցիալական խնդիրներ, որոնց բախվում են երիտասարդ ֆրանսիացի մուսուլմանները, Մակրոնի գործողությունները միեւնույն ժամանակ անհրաժեշտ էին եւ ուշացած: Քարտեզի վրա դրված է հիմնական ճշմարտությունը. ժողովրդավարական հասարակությունը պետք է պաշտպանի իր գոյությունը, ինչպես նաեւ սահմանադրական սրբազան արժեքները: Հենց դրանով է այժմ զբաղված Ֆրանսիան:
Նույնիսկ ցավակցություն չհայտնելով՝ Էրդողանը հայտարարեց, որ «Մակրոնը հոգեբույժի կարիք ունի»:
Էրդողանը նախազգուշացրեց, որ «եթե Եվրոպան ցանկանում է պահպանել իր դիրքերը գլոբալ համակարգում, ապա պետք է անհապաղ պայքարի իր համակարգերում իսլամաֆոբիայի դեմ: Հակառակ դեպքում, այդ թշնամին Եվրոպային՝ Ֆրանսիայից մինչեւ Գերմանիա, ներսից կքայքայի»:
Այստեղ Էրդողանը պետք է զգույշ լինի, քանի որ Ֆրանսիան կտապալի նրան ցանկացած պատերազմում: Ականատես ենք լինում 2020 թվականին Էրդողանի առաջնորդությանը, ով ոգեշնչվել է այն զառանցանքով, որ ինքը նեոօսմանյան սուլթան է, ում վիճակված է ղեկավարել սունիթական իսլամի ապագան: Միակ իսլամիստական տարրը, որը շատ մեծ է Էրդողանի համար, դա սալաֆիտ-ջիհադիստներն են, օրինակ՝ «Իսլամական պետությունը»: Եվ դա միայն այն պատճառով, որ Էրդողանը գիտի, որ չի կարող նրանց վերահսկել:
Էրդողանը խոստացել է շարունակել սատարել Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմում: Այդ ձգտումը կապելով իր իսլամիստական նարատիվի հետ՝ Էրդողանը նկատել է. «Փառք Ալլահին, ադրբեջանիցներին հաջողվեց վերադարձնել այդ հողերը: Երբ դուք վճռական եք, ապավինում եք Ալլահին, թողեք մնացածը Ալլահին»: Այստեղ պետք է տողատակը կարդալ: Ղեկավարվելով պատմական եւ գաղափարական ատելությամբ՝ Էրդողանը հրահրում եւ նույնիսկ խրախուսում էր Ադրբեջանի ռազմական գործողությունները: Սակայն Էրդողանի կողմից պատերազմի հրահրումն այժմ հանգեցնում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի հետ տարաձայնությունների:
Ի վերջո, Էրդողանը վերադարձավ ՆԱՏՕ-ի համար ակնհայտ սպառնալիքին՝ հունական ինքնիշխանության դեմ դիմակայության էսկալացիային: Էրդողանն ամռանը հետախուզական նավ ուղարկեց Հունաստանի բացառիկ տնտեսական գոտի: Դա Թուրքիայի կողմից ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակից Հունաստանի առաջ պարտավորությունների ակնհայտ խախտում է: Գրեթե մեկ ամիս առաջ թվում էր, թե Էրդողանը կընդունի այլ հարցի կարգավորմանն ուղղված Գերմանիայի միջնորդությունը: Սակայն, ավաղ, նա հայտարարեց, որ «քանի դեռ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն չեն գործել ճիշտ եւ օրինական, Թուրքիան կյանքի կկոչի իր սեփական ծրագրերը»:
Ինչեւէ, հաշվի առնելով ակնհայտ, սակայն ցավալի իրողությունը, որ Էրդողանն այլեւս Եվրոպայի կամ Ամերիկայի անվտանգության գործընկերը չէ, եւ դրա փոխարեն նրան առճակատում է պետք, ԱՄՆ-ն պետք է միանա ԵՄ-ին եւ պատժամիջոցներ նախապատրաստի թուրքական կենտրոնական բանկի դեմ: Թուրքական լիրան գտնվում է թշվառ ցածր մակարդակի վրա: Տեսնենք՝ սուլթանը կզգա՞ նման գերակայություն, երբ տնտեսությունը փլուզվի»: