Արցախի մասին՝ արվեստի միջոցով․ ի՞նչ խորհրդանիշ ուներ «արյունոտ լվացքը» և ի՞նչ ակցիա կազմակերպվեց Կանադայում
Արյունոտ լվացք՝ Տորոնտոյի փողոցներում։ Արվեստի միջոցով իր բողոքն էր արտահայտել կանադահայ նկարիչ Մարիամ Մուղդուսյանը։ Նրա խոսքով՝ ակցիան հատուկ խորհրդանիշ ուներ․ «Ստեփանակերտում և Շուշիում բոլոր մարդիկ գիտեն, թե խաղաղ, արևոտ օրերին այդ գունավոր լվացքներն ինչպես են դրոշների պես ծածանվում։ Երբ դրանք արյունոտ են, ուրեմն այդտեղ աղետ է եղել, ուրեմն այդտեղ արդեն մարդիկ չկան, և, նայելով այդ հագուստներին, կարելի է տեսնել, թե ովքեր չկան արդեն։ Հիմնական գաղափարը հենց սա էր»։ Մարիամը արվեստի միջոցով է պատկերացնում իր պայքարը։
Ըստ նրա՝ ակցիան այն մարդկանց մասին էր, որոնք տուժում են տեղի ունեցող պատերազմական գործողություններից։ Ակցիային հաջորդեց Օտտավայում մեծ հանրահավաքը, որին 3 հազարից ավելի մարդ մասնակցեց։ «Հայերիս պահանջն այստեղ այն է, որ հայտարարություններից անցնեն գործողության։ Ոչ թե ժամանակավորապես դադարեցնել զենքի, տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային, այլ առհասարակ արգելել։ Սա ամենակարևոր պահանջներից է», – ասաց Մարիամը։ Ցուցարարները պահանջել են նաև ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, զսպել Թուրքիային և Ադրբեջանին, տալ ոչ միայն գնահատականներ, այլև կիրառել պատժամիջոցներ։ Բողոքի ակցիայի մասնակիցները քայլել են ՆԱՏՕ-ի գրասենյակ և պահանջել, որ Թուրքիային զրկեն ՆԱՏՕ-ի անդամակցությունից։
Մարիամ Մուղդուսյանի խոսքով՝ բողոքի ակցիաները շարունակելու են նույն տեմպով՝ ապակենտրոն պայքար մղելով։