Սիրիայում հայ պատգամավորը պահանջել է կարևորել Արցախի անկախության ճանաչումը
Սիրիայի Հալեպ քաղաքի հրապարակներից մեկում մեծ հանրահավաք է անցկացվել՝ հայկական համայնքի նախաձեռնությամբ։ Ներկա են եղել Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Հանրահավաքը կազմակերպվել է ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի։
«Հանրահավաքի ժամանակ բոլորը միասին գոռում էին՝ հաղթելու ենք։ Ճակատում կռվող յուրաքանչյուր հայրենակից պետք է իմանա, որ իր բոլոր հայրենակիցներն իր կողքին են աշխարհի բոլոր կողմերից։ Այս հավաքի ընթացքում հատկապես մեր հյուրերին բաժանվեցին արաբերեն լեզվով հատուկ գրքույկներ՝ Արցախի պատմությունը, այսօրվա մեր պայքարի և պատերազմի իրական պատկերը ներկայացնող, բացատրող»,- «Հայերն այսօր»-ին պատմել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը։
Պատգամավորի խոսքով՝ երբ ստացել են պատերազմի մասին առաջին լուրերը, բազմաթիվ մտահոգություններ են ունեցել զարգացումների վերաբերյալ, միաժամանակ հասկացել են, որ սա ոչ միայն Հայաստանին և հայ ժողովրդին է վերաբերում, այլ նաև տարածաշրջանին։
«Ես և խորհրդարանի երկու պատգամավոր այս մասին բարձրաձայնել ենք։ Հատկապես ներկայացրել եմ Թուրքիայի դերակատարությունը, Ադրբեջանի թշնամական գործելակերպը, երկուսի գործակցությունն Իսրայելի հետ»,- ասել Ռեիսյանը։
Նրա խոսքով՝ խորհրդարանում պահանջել են ոչ միայն պաշտոնապես դատապարտել Արցախի դեմ հարձակումը, այլ նաև օրակարգում ընդգրկել Արցախի անկախության ճանաչման հարցը։