Էդուարդ Վարդանյան. Միհրան Հարությունյանի հետ կմեկնենք Արցախ
Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանը ժամանել է Հայաստան և առաջիկայում կմեկնի Արցախ: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 29-ամյա մարտիկը հայտնեց, որ առաջիկայում Հայաստան կժամանի նաև Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը, որի հետ միասին կուղևորվեն Արցախ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:
«Առաջիկայում Միհրան Հարությունյանի հետ կմեկնենք Արցախ և տեղում կհասկանանք ամեն բան: Իմ ու Միհրանի գլխավոր նպատակը հումանիտար օգնություն ցուցաբերելն է: Կօգնենք տեղի բնակիչներին, հիվանդանոցներին, ենթակառուցվածքներին: Արդեն տեղում կհասկանանք, թե ինչով կարող ենք լինել օգտակար»,- զրույցում նշեց Էդուարդ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Էդուարդ Վարդանյանը ծնվել է Երևանում: ММА-ում նա անցկացրել է 24 մենամարտ, որոնցից 20-ում հաղթել է:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Կողմերը 3 անգամ համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։