Բոլթոն. Թրամփի վերընտրման դեպքում ԱՄՆ-ն կարող է լքել ՆԱՏՕ-ն
Երկրորդ ժամկետով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրման դեպքում ԱՄՆ-ն կարող է լքել ՆԱՏՕ-ն: Այս մասին հայտարարել է Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Կարծում եմ՝ երկրորդ ժամկետում դա հնարավոր է: Սակայն դա մեծ սխալ կլինի ԱՄՆ-ի համար: Արտաքին անվտանգության հարցերի հետ կապված Թրամփի շատ որոշումներ հիմնված չեն քաղաքականության կոնկրետ տարբերակների վրա, որոնցից նա ընտրում է: Դրանք հիմնվում են նրա անձնական դատողությունների վրա այն մասին, թե արտաքին քաղաքականության համար ինչ արդյունքների կհանգեցնի այս կամ այն որոշումը»,-ասել է նա «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա կարծիք է հայտնել, որ առանց ԱՄՆ-ի դաշինքը չի կարող գոյություն ունենալ: «Կարծում եմ, որ դա մեծ սխալ կլինի Արեւմուտքի համար: Կարծում եմ նաեւ, որ Ռուսաստանը բավարար ուշադրություն չի դարձնում գլոբալ մարտահրավերներին, որոնք այսօր բոլորին նետում է Չինաստանը: ՆԱՏՕ-ի փաստացի փլուզումը, որի մասին այսօր կարող ենք միայն հիպոթետիկ խոսել, էլ ավելի քաոսային աշխարհ կստեղծի, քան այսօր ունենք»,-հավելել է Բոլթոնը: