Բայդենը Ռուսաստանը համարում է ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիքը
Միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիքը Ռուսաստանն է, իսկ Չինաստանն ամենախոշոր մրցակիցն է, հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կարծում եմ, որ հենց հիմա Ամերիկայի համար մեր անվտանգության եւ դաշինքների խաթարման տեսակետից ամենամեծ սպառնալիքը Ռուսաստանն է։ Երկրորդ՝ կարծում եմ, որ ամենախոշոր մրցակիցը Չինաստանն է»,- ասել է Բայդենը CBS-ի հետ հարցազրույցում։
Նա հավելել է, որ ԱՄՆ մոտեցումից է կախված՝ երկրներն արդյոք «հետագայում ե՞ւս կմնան մրրցակիցներ, թե՞ դա կվերածվի ուժերի հարաբերակցության ավելի լուրջ մրցակցության»։
Հոկտեմբերի սկզբին Դեմոկրատական կուսակցության փոխնախագահի պաշտոնի թեկնածու Քամալա Հարիսը խոստացել էր, որ Բայդենը «Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի» ամերիկյան զորքերին ցանկացած սպառնալիքի պատճառով։ Սեպտեմբերի սկզբին Բայդենն ինքը պնդել էր, որ Մոսկվան ամենից ակտիվ է փորձում ազդել ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա, ուստի եւ գլխավոր սպառնալիքն է։
Ռուսաստանը բազմիցս հերքել է տարբեր երկրների ժողովրդավարական գործընթացների վրա ազդելու փորձերի մեղադրանքները, իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրանք անվանել է «բացարձակապես մերկապարանոց»։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով տարբեր երկրների ընտրություններում իբր տեղ գտած ռուսական միջամտության մասին, հայտարարել է, որ դա հաստատող ոչ մի փաստ չկա։
Վերջին ամիսներին Պեկինի եւ Վաշինգտոնի հարաբերությունները սրվել են մի ամբողջ շարք պատճառներով, ինչպիսին են կորոնավիրուսի համավարակը, Չինաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված իրավիճակը, սպառազինությունների վերահսկման բանակցություններին մասնակցելուց հրաժարվելը, առեւտրային հակասությունները։ Դրանից բացի, Սպիտակ տունը ձեռնարկել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքների սահմանափակման մի շարք միջոցառումներ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, իբր բխում են չինական տեխնոլոգիական ընկերություններից։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 3-ին։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են գործող նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատ Ջո Բայդենը։