«Ես միշտ կհիշեմ՝ ինչպես էինք ազդանշանների ձայների ներքո վազում դեպի ապաստարան, ինչպես մահացավ եղբայրս․․․»․ Արծվիկը կիսվել է մանուկ հասակի հիշողություններով
Ռուսաստանաբնակ երգչուհի, «Ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանի մասնակից Արծվիկ Հարությունյանը նոր գրառում է կատարել։ Նա, անդրադառնալով Արցախում եւ Հայաստանում ստեղծված իրավիճակին, գրել է․
«Մենք այդ ամենն արդեն անցել ենք։ Եվ ես այդ ամենը տեսել եմ իմ աչքերով, ապրել եմ ու ծանր եմ տարել պատերազմը։ Ես դեռ երեխա էի եւ այդ ժամանակվա հիշողություններն ընդմիշտ իմ սրտում եւ հիշողության մեջ են։ Ես միշտ կհիշեմ, թե ինչպես էինք գիշերը՝ ազդանշանների ձայնի ներքո, վազում դեպի ապաստարան, ինչպես մահացավ իմ մորաքրոջ եւ հորեղբոր որդին, ինչպես էր իմ եղբայրն ամբողջ մարմինը բեկորների մեջ պառկած վիրավոր։ Մենք այդ ամենն անցել ենք, եւ հույս ունեի, որ դա այլեւս երբեք չի կրկնվի։
Մեր ընտանիքում մենք գրեթե երբեք չենք խոսում դրա մասին։
Բայց, սեպտեմբերի 27-ից ես նորից կարծես հայտնվեցի այդ ժամանակաշրջանում։ Ես հիմա ինձ զգում եմ ինչպես այդ փոքրիկ վախեցած աղջիկը։ Չեմ կարող ոչ մի բանի մասին մտածել, ոչ էլ որեւէ բան անել։ Հրաժարվել եմ աշխատանքից։ Չեմ կարող ընդհանրապես ոչինչ անել եւ չեմ կարողանա մինչեւ այդ պատերազմը չավարտվի։ Չնայած բանականությամբ հասկանում եմ, որ պետք է ապրել, որ պետք է ամեն ինչ անել մարդկանց ոգին բարձրացնելու համար, որպեսզի աշխարհն ավելի բարի եւ ավելի լավը դարձնենք, գոնե սեփական ուժերով։ Ամեն ինչ հասկանում եմ, բայց չեմ կարող։
Ես խոնարհվում եմ բոլոր մայրերի, զինվորների, երիտասարդ տղաների առջեւ, որոնք պաշտպանում են իրենց ընտանիքները՝ անկախ ամեն ինչից։ Ես այնքան հպարտ եմ իմ ժողովրդով, այնքան հպարտ եմ, երբ տեսնում եմ՝ ինչպես ենք բոլորս համախմբվել։
Ես աղոթում եմ ամեն օր եւ խնդրում եմ աղոթել բոլորին, որ այն շուտ ավարտվի։ Պատերազմը սարսափելի է երկու կողմերի համար։ Նրանք կործանում են ընտանիքները, նրանք կործանում են սրտերը, նրանք կործանում են հույսն ու սերը, բարին ու լուսավորը։
Բայց պետք է պինդ լինենք եւ կլինենք»։