ՀՀ նախագահը հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի եւ ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանի հետ:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիային եւ ներկայացրել ստեղծված իրավիճակը։ Կարեւորելով Սփյուռքի հայկական կառույցների կողմից կատարված եւ կատարվող աշխատանքներն, ինչպես նաեւ սփյուռքահայության համախմբված տարաբնույթ աջակցությունը Հայրենիքին՝ Հայաստանի նախագահն այդ համատեքստում բարձր է գնահատել նաեւ Ֆրանսիայի հայկական կառույցների կողմից կատարվող քայլերը:
Միաժամանակ, նախագահ Սարգսյանը նշել է, որ անելիքները դեռեւս շատ են ինչպես միջազգային հանրությանն ու տարբեր երկրների ղեկավարներին ու հասարակություններին արցախյան հակամարտության եւ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի վերաբերյալ ողջ ճշմարտությունը հասցնելու, այնպես էլ Հայրենիքին աջակցության առումով։ Նախագահն ասել է, որ վերջին իրադարձությունները վերստին վկայում են մեր ժողովրդի միասնականության եւ ինքնակազմակերպվելու որակների մասին։
Մուրադ Փափազյանը եւ Նադյա Գործունյանը նշել են, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները, ողջ ֆրանսահայ համայնքն այսուհետ եւս կշարունակեն աջակցության գործողությունները Հայրենիքին եւ բոլոր ջանքերը կգործադրեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ հավաստի տեղեկատվությունը տեղի հանրությանը ներկայացնելու համար։