ԱՄՆ-ն չի կարող ձեռքերը ծալած նստել. Ադամ Շիֆը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը
Կոնգրեսական Ադամ Շիֆն Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին Շիֆը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են սանձազերծել Արցախի դեմ՝ ռմբակոծելով քաղաքացիներին, եկեղեցիները և իրականացնելով պատերազմական հանցագործություններ: Տասնյակ քաղաքացիներ են զոհվել: Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին տեղահանվել է: Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- գրել է կոնգրեսականը:
Շիֆը նշել է, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի պատմությունը կրկնվի:
«Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմել, ԱՄՆ-ն, Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակ հասկացնեն, որ նրանք չեն կարող հասնել իրենց նպատակներին: Ալիևն ու Էրդողանը պետք է հասկանան, որ, եթե նրանք շարունակեն պատերազմը, դա կունենա իր հետևանքները: Միացյալ Նահանգները չի կարող ձեռքերը ծալած նստել: Ես կանգնած եմ Հայաստանի կողքին: Ես կանգնած եմ Արցախի կողքին»,- եզրափակել է Ադամ Շիֆը:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: