Ֆրանսիայում Բրոն քաղաքի քաղաքագլխին սպառնում են գլխատել հանցավորության դեմ պայքարի համար
Ֆրանսիայում Բրոն քաղաքի քաղաքագլուխ Ժերեմի Բրեոն, որին սպառնում են գլխատել, հայտարարել է, որ իր գործողությունները «խանգարում են առանձին հանցագործների», սակայն ինքը «չի ընկրկի»։
Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդել են, որ հոկտեմբերի 22-ին Ֆրանսիայի արեւելքում գտնվող Բրոն քաղաքի մի քանի վայրերում հայտնաբերվել են գրություններ՝ քաղաքագլուխ Ժերեմի Բրեոյին գլխատելու սպառնալիքներով:
Դրանք ստացվել են այն բանից մեկ շաբաթ անց, երբ Փարիզի արվարձանում գլխատել էին պատմության ուսուցիչ Սամյուել Պատիին:
Հոկտեմբերի 23-ին Բրեոն CNews հեռուստաալիքի եթերում պատմել է սպառնալիքներ ստանալուց իր առաջին ռեակցիայի մասին եւ իր հետագա գործողությունների մասին:
«Առաջին ռեակցիան ուժեղ ցնցումն էր… Բայց ես չեմ վախենում եւ չեմ ընկրկի»,-պատմել է քաղաքագլուխը: Նա ասել է, որ իր կառավարման ժամանակ ոստիկանության թվաքանակն ավելացել է 70 տոկոսով, լուրջ պայքար է իրականացվում թմրանյութերի շրջանառության դեմ: «Ես կարծում եմ, որ մեր գործողությունները խանգարում են առանձին հանցագործների: Ավելի վաղ ներքին գործերի նախարարության ղեկավար Ժերալ Դարմանենը հայտարարել է, որ քաղաքագլխի հասցեին ստացված սպառնալիքների կապակցությամբ տարածաշրջանի ոստիկանապետը իր խնդրանքով կդիմի դատարան եւ անհրաժեշտ պաշտպանություն կտրամադրի քաղաքագլխին:
Հոկտեմբերի 16-ին չարագործը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին գլխատել է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում: Սպանված տղամարդը պատմություն էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր է անցկացրել եւ ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:
Հարձակվողը գնդակահարվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազության ղեկավար Ժան Ֆրանսուա Ռիկարը հայտարարել է, որ հարձակվողը ծնվել է Մոսկվայում, 2002 թվականին, ուներ չեչենական ծագում եւ փախստականի կարգավիճակ էր ստացել Ֆրանսիայում: Փարիզում Ռուսաստանի դեսպանությունում ՌԻԱ Նովոստիին հայտարարել են, որ ուսուցչի վրա հարձակվողը վերջին 12 տարում ապրել է Ֆրանսիայում, դա հաստատել է ֆրանսիական կողմը: