Էրդողանը կարծում է, թե Անկարան եւ Մոսկվան ԼՂ հարցով խաղաղ գործընթացին մասնակցելու նույն իրավունքներն ունեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարծում է, թե Անկարան եւ Մոսկվան ԼՂ հարցով խաղաղ գործընթացին մասնակցելու նույն իրավունքներն ունեն, հաղորդում է «Անադոլու»-ն:
Նրա խոսքով՝ «Ռուսաստանը որեւէ պահանջ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին Անկարայի մասնակցության նկատմամբ»: «Անձամբ ես այդ հարցով որեւէ բացասական արձագանք չեմ ստացել Ռուսաստանի պաշտոնական անձանց կողմից»,-ասել է Էրդողանը:
«Թուրքիան շահագրգռված է աշխարհում եւ տարածաշրջանում հակասությունների լուծմամբ ոչ պակաս, քան Ռուսաստանը: Ադրբեջանը հայտարարում է, որ եթե Երեւանը կողմ է խաղաղ գործընթացին Ռուսաստանի մասնակցությանը, ապա Բաքուն առաջարկում է ներգրավել Թուրքիային: Այսինքն՝ բանակցությունների սեղանի շուրջ պետք է լինեն ինչպես Մոսկվան, այնպես էլ Անկարան»,-հավելել է նա: