Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունը վկայում է, որ Ադրբեջանի՝ իբր հզոր բանակը իր խնդիրը չկարողացավ լուծել. Էստուկյան
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
– Պարոն Էստուկյան, Թուրքիայի փոխնախագահ Օքթայը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է զորք ուղարկել Ադրբեջան, եթե նման դիմում իրենց լինի: Արդյո՞ք ձեզ համար անակնկալ էր նման հայտարարությունը՝ հաշվի առնելով, որ պատերազմի առաջին օրից Թուրքիան անմիջական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։
– Ինչ կարող եմ ասել, առաջին օրից նմանատիպ հայտարարություններն ընթացքի մեջ են: Այս հանգրվանում նման հայտարարությունը նաև խոսում է այն մասին, որ այնտեղ բերված ահաբեկիչները և Ադրբեջանի՝ իբր թե հզոր բանակն ի վիճակի չեն լուծել այն խնդիրները, որոնք դրել է իր առջև: Իհարկե, մենք մտահոգությամբ ենք հետևում իրադարձությունների զարգացմանը և հնչող հայտարարություններին, որովհետև հայկական կողմից զոհերի թիվը 800-ից անցել է:
– Արցախի շուրջ իրավիճակը բավականին լարված է, շարունակվում են պատերազմական գործողությունները: Այս ֆոնին ինչպիսի՞ իրավիճակում են Թուրքիայի հայերը, որքանով ցանկություն ունեն գալ Հայաստան, որքանով են նրանք ռիսկի տակ:
– Թուրքիայում ապրող հայաստանցի հայերն, անշուշտ, ցանկություն ունեն վերադառնալու Հայաստան, բայց հիմա այդ առումով շատ դժվարություններ կան: Ցամաքային կապ չի մնացել, որովհետև Վրաստանը ևս փակել է սահմանը համավարակի պատճառով: Ինչ վերաբերում է Պոլսո հայերին, ապա որոշակի լարվածություն կամ անհանգստություն կա, բայց ոչ խուճապային վիճակ: Անշուշտ, պատերազմի շարունակությունը մտահոգություն է պատճառում տեղացի հայերին:
– Դեպքերի նման զարգացումների ֆոնին Էրդողանի իշխանությունը որքանո՞վ է թուլացել կամ ուժեղացել:
– Ներքին տնտեսական ճգնաժամի հետևանքով հետզհետե Էրդողանը կորցնում է հասարակության աջակցությունը, իսկ ազգայնականությունը գրգռող քայլերն էլ արդեն օգուտ չեն տալիս, որովհետև մարդկանց քիչ է հուզում, թե Ադրբեջանում ինչ է կատարվում: Այնպես որ, Էրդողանին այնքան էլ չի հաջողվում հանրության ուշադրությունը շեղել ազգային արժույթի արժեզրկումից ու գնաճից: Որովհետև գնաճը մարդիկ իրենց կաշվի վրա են զգում:
– Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության լռությունը Արցախի դեմ ագրեսիայի մեջ Թուրքիայի ներգրավվածության նկատմամբ, երբ շատերը բավարարվում են միայն մտահոգություն հայտնելով: Ի վերջո, Ռուսաստանը կարո՞ղ է զսպող ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա:
– Միջազգային հանրությունը այդպիսի նպատակ չունի էլ, նրանք իրենց շահերով են մտահոգված: Թե՛ ԵՄ երկրները, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ռուսաստանը Թուրքիայում մեծ ծավալի ներդրումներ կատարած միջազգային դերակատարներ են, այս երկրի հետ շատ սերտ տնտեսական կապվածություններ ունեն և այդ կապվածությունները չեն կարող անտեսել հայերի խաթեր համար: Հետևաբար՝ ես նրանցից որևէ ակնկալիք չունեմ էլ: Մենք տեսանք, որ Հունաստանը Թուրքիայի դեմ պատժամիջոցների բանաձև առաջարկեց ԵՄ երկրներին, որը մերժվեց, և մերժողներից մեկն էլ Գերմանիան էր, գուցե ամենագլխավոր մերժողը: Մերժողների մեջ էին նաև Հունգարիան, Մալթան, Իտալիան, Իսպանիան, բայց դա արվեց Գերմանիայի գլխավորությամբ: Հետևաբար՝ որևէ երկրից ակնկալիք ունենալ պետք չէ, ո՛չ Գերմանիայից, ո՛չ Ֆրանսիայից և այլն: Մեր քրիստոնյա լինելը նրանց համար բացարձակապես հավելյալ արժեք չի ներկայացնում: Մենք 100 տարի առաջվա պատմությունը չպետք է կրկնենք: Մենք մեր սեփական ուժերին ապավինելով ինչ կարող ենք անել, դրա ուղղությամբ պետք է մտածենք, ոչ թե հույսեր կապենք եվրոպացի՝ իբրև թե քրիստոնյա բարեկամ պետությունների հետ: Չկա նման բան, բարեկամ պետություն հասկացությունը խաբկանք է: