Թրամփն ու Բայդենն իրար մեղադրել են Ռուսաստանից փող ստանալու մեջ
ԱՄՆ-ում տեղի է ունեցել նախագահական ընտրություններից առաջ թեկնածուների՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի վերջին բանավեճը։ Թեկնածուների նախորդ հանդիպումը չափազանց էմոցիանալ էր, քանի որ նրանք միմյանց հաճախ էին ընդհատում եւ բարձր հնչերանգով խոսում։ Այս անգամ երկխոսությունն ավելի հանդարտ եւ հարգալից էր, փոխանցում է BBC-ն։
Բանավեճի մասնակիցներին սկզբում առաջարկվել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի թեման։ Թրամփը հայտարարել է, որ իրավիճակը կայունանում է, եւ այլեւս չեն գրանցվում տարածքային բռնկումներ։ «Մենք պատվաստանյութն ունենք․․․առաջիկա շաբաթներին այդ մասին կհայտարարվի»,- ասել է նա եւ հավելել, որ դրա տարածմամբ կզբաղվեն զինվորականները։ Նախագահը հիշեցրել է, որ ինքն էլ է հիվանդացել Covid-19-ով եւ ապաքինվել է։ Նրա խոսքով՝ հիվանդությունը նահանջում է, իսկ վարակվածների 99 տոկոսն ապաքինվում է։
Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ում, որը կորոնավիրուսով վարակվածների եւ մահացածների թվով աշխարհում առաջատարն է, մինչեւ տարեվերջ կարող է մահանալ մոտ 200 հազար մարդ։ Նրա խոսքով՝ նախագահը ճգնաժամից դուրս գալու հստակ ծրագիր չունի։ Բայդենն ասել է, որ իր ծրագիրը նախատեսում է բնակիչների կողմից դիմակների կրում եւ համատարած շտապ թեստավորում։
Բանավեճի մյուս թեման ազգային անվտանգության պաշտպանությունն էր։ ԱՄՆ հատուկ ծառայությունները նախօրեին հայտարարել էին, որ Ռուսաստանն ու Իրանը նախագահական ընտրություններին միջամտելու փորձեր են ձեռնարկում։ Սա մեկնաբանելով՝ Բայդենն ասել է, որ ցանկացած երկիր, որը կփորձի միջամտել ամերիկյան ընտրություններին, դրա համար թանկ կվճարի։ «Նրանք միջամտում են ԱՄՆ ինքնիշխանությանը։ Հիմա հենց դա է տեղի ունենում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը նախընտրում է, որ նախագահ մնա Թրամփը, որովհետեւ Բայդենը նրանց ձեռնտու չէ։ «Ռուսաստանը ցանկանում է այնպես անել, որ ԱՄՆ հաջորդ նախագահը չդառնամ ես, որովհետեւ գիտեն, որ իրենց ճանաչում եմ, նրանք էլ ինձ են ճանաչում»,- ասել է նա։
Ռուսաստանից եւ Չինաստանից փող ստանալու մեղադրանքները Թրամփը ժխտել է եւ հայտարարել, որ ռուսներից փող է ստացել Բայդենն ինքը, երբ փոխնախագահն էր։ «Ջոն Ռուսաստանից ստացել է 3,5 մլն դոլար։ Դու երբեւէ ստիպված կլինես դա պարզաբանել»,- ասել է Թրամփը՝ դիմելով Բայդենին։
«Չկա մեկը, որն իրեն ավելի խիստ է պահում Ռուսաստանի նկատմամբ»,- հավելել է Թրամփը՝ ասելով, որ ՆԱՏՕ-ի երկրներին համոզել է մեծացնել պաշտպանական ծախսերը, որպեսզի ռուսական սպառնալիքի պատճառով անվտանգությունն ուժեղացնի։ Նախագահը նաեւ հայտարարել է, որ Բայդենի որդու համակարգչում, որն ուկրաինական Burisma ընկերության համար էր աշխատում այն ժամանակ, երբ Ջո Բայդենը փոխնախագահն էր, իբր գտնվել են նամակներ, որոնք նրան վատ լույսի ներքո են ներկայացնում։ Դեմոկրատների թեկնածուն նշել է, որ ոչ մի երկրից մեկ ցենտ անգամ չի ստացել։