ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ
ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը Ներկայացուցիչների պալատի՝ երկու կուսակցությունները ներկայացնող 30 անդամի հետ շրջանառության մեջ է դրել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի ազգային հայկական համագումարը (ANCA), ԱՀ անկախության ճանաչումը նախագծով ներկայացված է որպես Կովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու միջոց:
Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի ընթացիկ հարձակումները Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ, կոչ անում դադարեցնել ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին, հորդորում, որ Արցախը դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ընթացող բանակցությունների ուղղակի մասնակից և, ընդհանուր առմամբ, կոչ անում նաև թուլացնել ԱՄՆ-ի և Արցախի միջև հաղորդակցման ոլորտում առկա սահմանափակումները:
«Շատ կարևոր է, որ Ներկայացուցիչների պալատը Արցախի և նրա ժողովրդի անկախ ապրելու նպատակը սատարելու հստակ ուղերձով հանդես գա, հատկապես Մայք Պոմպեոյի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կարևոր հանդիպումների նախօրեին: Քանի որ այս արյունալի հակամարտությունը շարունակվում է, ժամանակն է վերջապես ճանաչելու Արցախի՝ անկախ ապրելու լեգիտիմ պահանջը և պաշտոնապես ճանաչել այդ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը»,- հայտարարել է բանաձևի հեղինակ, հանրապետական կոնգրեսական Փալոնը:
Բանաձևի ներկայացմանն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ամերիկայի ազգային հայկական համագումարը: